
Hraparak.am-ը գրում է․
Երբ Անդրանիկ Թևանյանին կարմիրբերետավորները տարել են, այդ ժամանակ արդեն ակցիան ավարտված է եղել ու նրանք արդեն հեռանում էին համալսարանի տարածքից։ Հիմա բաժնում, ես ոնց հասկանում եմ, կեղծ զեկուցագիր են գրում ներսում, թե իբր դասապրոցես են խանգարել և այլն։ Այս մասին քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ «Ազգային կոմիտեի» անդամ Անդրանիկ Թևանյանին, հիշեցնենք, համալսարաններում իրականացվող ակցիաների ժամանակ էին բերման ենթարկել ժամեր առաջ։
«Ապօրինի են բերման ենթարկել Թևանյանին՝ վարչական վարույթով։ Այո, վարչական վարույթ է, համենայն դեպս այս պահին այդպես է։Այս ընթացքում եթե վերևից որևէ հրահանգ չիջեցվի, վարույթը չի փոխվի։ Այստեղ ընդհանուր առմամբ 10 բերման ենթարկված կա, որոնցից 4-ը ընդհանրապես ակցիայի հետ կապ չեն ունեցել։ Երեքը սովորական ուսանողներ են եղել, որոնք պարզապես բակում կանգնած են եղել, մեկն էլ մեքենայից պարզապես իջնելիս է եղել»,- հավելեց նա։