Hraparak.am-ը գրում է․
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
- Այսօր առավոտյան Դուք ևս` մի շարք քաղաքացիների հետ բերման էիք ենթարկվել ոստիկանություն, չնայած պատգամավոր եք եւ անձեռնմխելիության իրավունքից եք օգտվում: Ինչո՞ւ, ի՞նչ «հանցանք» էիք գործել:
- Ինքնաբուխ հավաք էր: Անհնազանդության ակցիա էինք իրականացնում: Ոստիկանները սկզբում, երբ քիչ էին, բավականին սիրալիր էին, նորմալ էին իրենց դրսևորում: Ամեն ինչ նորմալ էր: Հետո երբ շատացան, ավելացան որոշ բորենիներ, այլ ոչ թե ոստիկաններ, այդ ժամանակ տակտիկան փոխվեց: Սկսեցին գռեհիկ տոնով վիրավորել քաղաքացիներին, անշնորհք պահվածք ցուցաբերեցին, ես, որպես ԱԺ պատգամավոր, նրանց փորձեցի պարզապես կարգի հրավիրել, ասելով, որ չի կարելի այդպես: Վստահ եմ, որ ցուցադրաբար, թե` տեսեք մենք կարողանում ենք պատգամավորին բերման ենթարկել, բերման ենթարկեցին նաև ինձ: Ուզում են ասել, թքած օրենքի վրա, կարող ենք օրենք խախտել: ԱԺ պատգամավորին փողոցային պայքարի ժամանակ ձերբակալելն օրենքի խախտում է: Մարդիկ ծանոթ են այդ գործողություններին և ասեմ, որ ոչ մի պայքարող մարդու այն չի վախեցնում, հակառակը` դարձնում է ավելի վճռական: Ոստիկանության բաժնում էլ կոնկրետ իմ հանդեպ ոստիկաններն իրենց շատ վատ պահեցին:
- Ի՞նչ էին անում: Ի՞նչ է նշանակում` վատ էին պահում:
- Շատ վատ էին պահում, նախ գոռում էին, հրում, հետո ինքնաձիգով զինված մի ոստիկան առաջ էր գալիս, ուզում էր անգամ խփել, ուղեղը լրիվ անջատված էր` ինչքան հասկացա, անուն-ազգանունն արդեն հայտնել եմ ոստիկանությունում, խոստացան պատժել: Ինձ մի բան զարմացրեց` Էրեբունու բաժնի տեղակալը փորձում էր սաստել մի ոստիկանի, բայց ոստիկանը չէր սաստվում, չէր ենթարկվում իր վերադասին, պատկերացնո՞ւմ եք ինչպիսի թևեր են տվել, թև տվողներն էլ հավանաբար, հասկանում եք, ովքեր են: Նման բան ես չէի տեսել: Թրքահպատակ իշխանության ծառաները, որոնք իրենց տունն ու տեղն էլ կուրանան փողի համար, ինձ ասում են, որ ես համագործակցում եմ Ադրբեջանի հետ, պատկերացնո՞ւմ եք՝ էս ուր ենք հասել, ովքեր են խոսում Ադրբեջանի հետ համագործակցելու մասին, ում ծառաները….
- Ի դեպ` Նիկոլ Փաշինյանն էլ իր երեկվա ուղերձում հանդես եկավ իբրև Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության և անկախության ջատագով, պնդելով, թե ինչ-ինչ ուժեր ամեն կերպ Հայաստանը փորձում են դարձնել ծայրագավառ: Ակնարկում էր Ռուսաստանին և փողոց դուրս եկած Հայաստանի ընդդիմությանը:
- Երբ օրը գա, այդ անձին պետք է իրավապահներն անդրադառնան: Քրեական օրենսգրքում նրա մասին մի քանի հոդված կա և դրանք բոլորը պետք է կյանքի կոչվեն: Ես կարող եմ փաստերով խոսել. այդ մարդը եկավ իշխանության, պառակտեց մեր ժողովրդին, թուլացրեց անվտանգությունը, բանակը դարձրեց պարտվողական տրամադրությունների շղթա ու երկիրը տարավ պատերազմի, Արցախը բառի ամենաուղիղ իմաստով հանձնեց թշնամուն, այսօր Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն: Այնպես որ Նիկոլ Փաշինյանի գնահատականը տրվելու է: Դեռ հարց է, Ալիևի ռեժիմն ինչ չափով է մեղավոր, Փաշինյանի ռեժիմն` ինչ: Այնպես որ ներքին թշնամու և նրա ռեժիմի մասին հետո ենք խոսելու: Հայաստանի ինքնիշխան տարածքում տևական ժամանակ է գտնվում են ադրբեջանական ուժեր, հիմա ո՞վ է խոսում ինքնիշխանությունից: Ցավալի է, բայց Իլհամ Ալիևն իր բոլոր ասածները կյանքի է կոչում, այնպես որ ամեն ինչ ժամանակի հարց է: Ադրբեջանն Արցախով չի բավարարվելու, առաջ է շարժվելու` դեպի Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը մեկուսացել է իր բոլոր դաշնակիցներից, հիմա մեզ տանում է դեպի կործանում, հանձնում: Սա փաստ է, որը կարող են տեսնել բոլորը: Թուրք-ադրբեջանական ծրագրերի իրագործման կարևորագույն դերակատարներից մեկը Հայաստանի գործող իշխանություններն են: Սա թշնամական ռեժիմ է, որին կանգնեցնելու ենք: Դեմն առնելու ենք պայքարով: Չկա այլընտրանք: