Մեկ-երկու քանի օրից` Ամերիկայի Միացյալ Նահանգների, նաև աշխարհի համար խորհրդանշական սեպտեմբերի տասնմեկին, կհստականա Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու ԱՄՆ ծրագիրը։ Թեև Օբաման առանց Կոնգրեսի հավանության էլ ռազմական միջամտության իրավասություններ ունի, այնուամենայնիվ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձայների յոթ կողմ, երեք դեմ հարաբերակցության պայմաններում գրեթե անհավանական է, որ ներկայացուցիչների պալատում բանաձևը լուրջ խոչընդոտների կհանդիպի։
Ամերիկյան ռազմական միջամտության անխուսափելիությունը կարծես հստակ ուրվագծված է, առավել ևս այն բանից հետո, երբ Մեծ քսանյակի կեսից ավելին՝ տասնմեկ երկրներ (Ավստրալիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ԱՄՆ, Իսպանիա), սանկտպետերբուրգյան գագաթաժողովին, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, հրապարակեցին Սիրիայի նկատմամբ ԱՄՆ ռազմական գործողությունները սատարելու իրենց դիրքորոշումը՝ այդպիսով առավել ոգեշնչելով մարդու իրավունքները պաշտպանելու ու հերթական արաբական երկրում ժողովրդավարություն տարածելու ամերիկյան համոզումները։
Ռուսական ռազմանավերն ու ռազմական տեխնիկան օր օրի ծանրորեն խտանում են Միջերկրականի սիրիական ափերին, իսկ ԱՄՆ-ը իր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հետ է կանչում տարածաշրջանից։ Ինչպես ասում են՝ մեծ պատերազմին հինգ րոպե է մնացել, թեև սիրիական հողում մարդակեր պատերազմը վաղուց է մոլեգնում։
Մի կողմ թողնելով տարածաշրջանում պատերազմի ծավալման, ընդհուպ երրորդ համաշխարհային պատերազմի մասին շրջանառվող վարկած-կանխատեսումներն ու փորձելով հերթական անգամ չհուսահատվել կրկնակի կարծրատիպերին դիմելու քաղաքակիրթ ու խաղաղապաշտ մեծերի երեսպաշտական վարքականոնից («Երկխոսությունը հակամարտությունները կարգավորելու լավագույն միջոցն է, բայց պատերազմները արագացնում են լուծման ճանապարհները», Ֆրանսուա Օլանդ), պարզապես իրավունք չունենք ծալած ձեռքերով նստել ու այս պահին հավելյալ տագնապ չունենալ պատերազմի սեղմված օղակի մեջ խեղդվող սիրիահայ համայնքի համար։
Սակայն տագնապն ինքնին այս պարագայում ոչինչ է, նույնիսկ՝ զազրելի պաթոս, եթե հնարավոր լուծումներ ու գործողություններ չեն մշակվում սիրիահայ համայնքի, բառիս բուն իմաստով, հետագա ֆիզիկական գոյությունն ապահովելու համար։ Մեկ տարուց ավելի ձգվող պատերազմի ու հումանիտար ճգնաժամի արդյունքում մեր համայնքի ֆիզիկական, հոգևոր ու նյութական կորուստներն արդեն անդառնալի են։
Սիրիայում խորացող հակամարտությունը և օդային կամ ցամաքային հաղորդակցության անհնարինությունը տեղաշարժի բացառիկ սահմանափակություն են ստեղծել, և այս իրավիճակում հումանիտար օգնության մասին խոսելն անգամ իրատեսական չէ։
Ավաղ, չի բացառվում, որ ռազմական ինտերվենցիայի պայմաններում նաև Լիբանանը կարող է ընդգրկվել պատերազմական շրջագծում։
Ցանկացած սցենարի դեպքում բնական է և սպասելի արտագաղթի նոր ալիքը, և ոչ միայն Հալեպից։
Օրերս ՀՀ վարչապետը խոսեց հնարավոր սցենարների, արտագաղթի, մեր հանձնառությունների մասին։ Ինչպիսի՞ն են դրանք, արդյոք իրապես քննարկվե՞լ են հնարավոր նոր զարգացումներն ու հստակեցվել մեր անելիքների շրջանակը։ Գիտակցվո՞ւմ է արդյոք, թե մեր օրեցօր նվաղող ու փսորած հանրապետության համար ինչ նշանակություն ունի ամենաթանկը՝ մարդկային ռեսուրսը, հասկանո՞ւմ ենք արդյոք, թե պատմությունն ինչ գնահատական է տալու, եթե մեր անտարբեր հայացքի ու անկարող մտքի կողքով սահի ու եվրոպաներում ու ամերիկաներում փոշիանա 1915-ի վերքը չսպիացրած մեր մնացորդացը։ Իսկ 15-ին մենք պետություն չունեինք…
Ճանաչելով և պատկերացնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և հատկապես բարոյական մթնոլորտը` դժվար է ասել, թե երկիրը պատրաստ է ներգաղթի մեծ հոսք ընդունելու։ Հավանաբար շատերն անմիջապես և արդարացիորեն կհակադարձեն, թե որքանով է իրատեսական անկախության տարիներին բնակչության մեկ երրորդը կորցրած, աղքատության, արհամարհվող օրենսդրության ու կոռուպցիայի մեջ թաղված երկրում հայրենադարձություն իրականացնել կամ անգամ խոսել այդ մասին։
Կարծում եմ` ոչ միայն իրատեսական է, այլև՝ ուշացած. հայրենադարձության խնդիրը վաղուց պետք է մեր քաղաքական օրակարգում առաջնահերթություն լիներ և ոչ միայն սիրիական ճգնաժամի դրդումով։ Պահն է, անգամ ուշացած ենք, որ հայրենադարձության խնդիրը լրջորեն քննարկվի թե՛ դեմոգրաֆիական, թե՛ տնտեսական, նաև սոցիալ-մշակութային և հատկապես բարոյական արժեքների համատեքստում։
Իմ խորին համոզումով, մեր քաղաքական օրակարգում՝ հատկապես սպառնալիքի վերածված արտագաղթի պայմաններում, այն պիտի քաղաքական լուծումներ պարտադրի, քաղաքական կամք և ողջախոհություն բերի քաղաքական իրականություն՝ խոստովանելու, հասկանալու, որ այն արժեքները, վարքականոնն ու փիլիսոփայությունը, որով կառավարվում է երկիրը անընդունելի, և մերժելի են ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար, այլև խիստ վանող փխրուն Հայաստանն իբրև Հայրենիք-զցական տարածություն ընկալող սփյուռքահայերի համար։ Գուցե հենց հայրենադարձության համատեքստում մենք՝ հայաստանցիներս` քաղաքացի ու իշխանավոր, հարուստ ու աղքատ, կուսակցական ու անկուսակցական, սթափվենք, մեր հայացքն իսկապես դարձնենք դեպի ՀԱՅՐԵՆԻՔ, մի քիչ խնայենք մեր հյուծված Հայրենիքը, խնայենք մեզ, մի քիչ սիրենք, կասեցնեք մեր ներքին պարտությունների անվերջ ու ինքնաոչնչացնող ընթացքը, մեր դառն ու անստույգ գոյությունը։ Իսկապես դարձի գանք… Հավատում եմ` հնարավոր է, եթե ունենք քաղաքական կամք, տեսլական, արժանապատվություն, եթե անկեղծորեն գիտակցենք, որ այս քաղաքակրթական մսաղացում գոյատևելու համար պարտավոր ենք համախմբել մեր ողջ կարելիությունները, համազգային ողջ ներուժը. իշխանություն. կուսակցություններ, եկեղեցի, Սփյուռք…
Պետությունն առանց Հայրենիք չի լինում։ Գուցե իսկապես դարձնենք մեր հայացքը դեպի ՀԱՅՐԵՆԻՔ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/534690376607581?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել