Hetq.am-ը գրում է.
Նիդերլանդական «Dyami» ընկերությունը, որը մասնագիտացած է, մասնավորապես, ավիացիայի ոլորտի անվտանգային հարցերում եւ կատարում է ռիսկերի գնահատում ու տարատեսակ խորհրդատվություն է մատուցում, սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ խորհուրդ է տալիս շրջանցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու երկինքը, գրում է «Հետքը»։
Ընկերության կայքում նշվում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 6-ից զգալի ռազմական ուժ է կուտակել Հայաստանի հետ սահմանին, ինչը տեղի է ունենում այն բանից հետո, երբ խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացը կանգ է առել: Աղբյուրը նաեւ նկատում է, որ ադրբեջանական պետական մեդիան շարունակաբար Հայաստանը ներկայացնում է որպես «Արեւմտյան Ադրբեջան»:
«Ադրբեջանը գրեթե քայլ առ քայլ կրկնօրինակում է Ռուսաստանի վարքագիծը, մինչեւ վերջինս լայնածավալ ներխուժում կիրականացներ Ուկրաինա»,- հայտարարել է «Dyami»-ն:
Որպես կանխարգելիչ միջոց նիդերլանդական կողմն առաջարկում է բոլոր տեսակի օդանավերին շրջանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընկած օդային տարածքը: Շեշտվում է, որ երկրներից մեկից մյուսի երկինք մտնելու փոխարեն անհրաժեշտ է օգտվել Վրաստան-Ադրբեջան օդային սահմանի «DISKA» եւ «ADEKI» անցումային կետերից (տես առաջին նկարում): Միաժամանակ ասվում է, որ չնայած «BARAD» անցակետը չի գտնվում Հայաստան-Ադրբեջան սահմանին (այն Վրաստան-Ադրբեջան սահմանին է, սակայն շատ մոտ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային «եռանկյունուն», տես ստորեւ), այն եւս պետք է շրջանցել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։