«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է, որ մեկ օրվա մեջ բանակցային գործընթացի համար պատասխանատու երկու անձինք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը, խիստ իրարամերժ հայտարարություններ են անում: Այսպիսով, դեռ նախորդ ամիս՝ օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին երեկ լրագրողների հետ զրույցում, խոսելով հայկական կողմի փոխանցած առաջարկներից, հայտարարեց, թե Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին:
Մինչդեռ, Խանդանյանի հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ամբողջովին հակառակը հայտարարեց: Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն ընդամենը երկու օր առաջ ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները: «Գործընթաց կա, քննարկում կա։ Կրկին, դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,-հայտարարեց նա: ՔՊ-ականների այս իրարամերժ հայտարարությունները կրկին փաստում են, որ իրականում Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի մանրամասները խիստ գաղտնի է պահում իր թիմակիցներից:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել