Factor.am-ը գրում է․
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։
Այս մասին Factor․am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։ «Քրեական գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյան՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։
Հարթակը, փաստեր ներկայացնելով, նաև պնդում է, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցն օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։ Ռոզա Վարդանյան