Արմավիրի մարզի Մյասնիկյան և Քարակերտ համայնքներում այս օրը օրացույցի վրա կարելի է պատկերել կարմիրով: Այստեղ յուրահատուկ տրամադրություն էր տիրում: Օրը մյուս բոլոր օրերից տարբերվում էր նրանով, որ այսօր, կարելի է ասել, տոն է, տոն, որը կդառնա շատերի կյանքի մշտական ուղեկիցը, տոն, որը վառ գույներով կընդգծի համայնքի բազմաթիվ երեխաների ապագայի ուղեգիծը:

Ընկերությունը մեծ տեղ է հատկացնում աճող սերնդին ուղղված սոցիալական ծրագրերի աջակցությանը: Այդ իսկ պատճառով օրը տոնի էր վերածվել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ու Հայաստանի մանուկներ հիմնադրամի շնորհիվ` նպատակ ունենալով լուծել կրթական և սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում:

«Նախաձեռնության շրջանակներում Արմավիրի մարզի երկու համայնքներում գործարկվել են չորս արհեստագործական խմբակներ, որոնք հնարավորություն են տալիս Մյասնիկյան և Քարակերտ համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ: Քարակերտում երեխաները գորգագործության դասընթացներ կանցնեն Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում, իսկ կահույքագործության խմբակը կգործի Արթվիլշին կահույագործական արտադրամասում: Մենք մեծ տեղ ենք հատկացնում մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերին: Մեր հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Կարևոր է նաև այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ երեխաների զարգացման համար», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Աշխատակիցների այցի առաջին կանգառը Միասնիկյան գյուղի Արայի անվան դպրոցն էր, որտեղ ընկերությունը դեռ մեկ տարի առաջ իրականացրել էր ուսուցիչների հետ համակարգչային դասընթացներ:

Ուսուցիչները արդեն հարազատի պես ողջունեցին «Արմենտել»-ի տնօրեն Անդրեյ Պյատախինին` նշելով, որ դասընթացը իրենց համար կարևոր ձեռբերում էր, այժմ նրանք ունեն բավականաչափ գիտելիքներ, որպեսզի այս մեկուսացված համայնքում կարողանան նոր սերնդին կրթել ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան ձևաչափով:

Երկրորդ կանգառը «Լևոն Գալչյան» կենտրոնն էր, որտեղ մտնելուն պես աչք էին շոյում երեխաների ձեռքերով պատրաստված իրերը:

Այստեղ մի շարք սկսնակ տաղանդներ՝ ծրագրում ընդգրկված 35 երեխաներ, ովքեր ներգրավվել են խեցեգործության, մետաղի գեղարվեստական մշակման, գորգագործության և կահույքագործության արհեստագործական խմբակների մեջ, պայծառ ու ապագայի հանդեպ հույսով լցված հայացքով միահամուռ ողջունների ներքո դիմավորեցին ընկերության տնօրենին` շնորհակալություն հայտնելով իրենց տաղանդները դրսևորելու հնարավորություն ընձեռելու համար:

Երեխաները գոհ ու երջանիկ էին, աշխատում էին պատրաստակամ ու ոգևորված, չէ՞ որ ծրագրի շնորհիվ իրենք ստանում են կյանքի կարևորագույն պատգամը՝ ինքնադրսևորվելով ձեռք են բերում իրենց երազած մասնագիտությունը, ինչի շնորհիվ կդառնան վաղվա օրվա կերտողները: Նրանք խոստումնալից հայացքներով բարձրաձայնեցին, որ կլինեն իրենց գործին վարպետ և կանեն ամեն ինչ Հայաստանում պահանջված մասնագետ դառնալու համար:


Ի դեպ, ամեն ինչ այսքանով չի ավարտվում, մանուկները հնարավորություն կունենան նաև իրենց աշխատանքները ցուցադրելու հանրությանը՝ ծրագրի ավարտին կկազմակերպվի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել