Նյութի առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:
5. Ափթոն Սինքլեր

1906թ.-ին Ափթոն Սինքլերը հրատարակում է իր «Ջունգլիները» գիրքը, որտեղ նա ջրի երես է հանում այն բոլոր խախտումներն ու չարաշահումները, որոնք տեղի էին ունենում Չիկագոյի մսի փաթեթավորման ընկերությունում: Նա 7 շաբաթ շարունակ լրագրողական հետաքննություն է անցկացնում, որից հետո ամբողջ տեղեեկատվությունը հավաքում է մեկ գրքի մեջ: Նրա բացահայտումից հետո մարդիկ սկսեցին անհանգստանալ այն սարսափելի հակասանիտարական իրավիճակի պատճառով, որն առկա էր արտադրությունում: Նա ամենայն մանրամասնություններով նկարագրում է այն ամենը, ինչ կատարվում էր հանրության աչքից հեռու: Հենց նրա շնորհիվ էր, որ առաջ եկավ մսի արտադրությունը կարգավորող ու հետևող օրինագիծը, որը կոչվում էր Մաքուր սննդի և դեղորայքի օրինագիծ: Նույնիսկ ԱՄՆ Սննդի և դեղորայքի գործակալությունն է հիմնադրվել Սինքլերի բացահայտումներից հետո, որը մինչև հիմա վերահսկում է ԱՄՆ տարածքում վաճառվող սննդամթերքը: Սինքլերը հիասթափվել էր, որ իր «Ջունգլիները» գիրքը ազդեցություն չգործեց աշխատակիցների իրավունքների պաշտպանության վրա աշխատանքային վատ պայմանների բարելավման համար, այնուամենայնիվ, նա գոհ մնաց այն պատճառով, որ նրա բացահայտումները ծառայեցին գոնե մսամթերքի արտադրությունն ավելի ապահով դարձնելուն:
4. Գարի Ուեբ

Եթե սկանդալային բացահայտումների հեղինակները հաջողակ են, ապա նրանց բացահայտումները հրապարակվում են ու հայտնի դառնում, իսկ նրանք պատմության ընթացքում դառնում են հերոսներ ու միշտ հիշվում մարդկանց կողմից: Գարի Ուեբն այնուամենայնիվ այնքան էլ հաջողակ չէր: 1996թ.-ին Գարի Ուեբը մի քանի հոդված է հրապարակում, որտեղ բացահայտումներ է անում այն մասին, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը Ռեգանի կառավարական վարչության աջակցությամբ ակտիվորեն ներգրավված է Նիկարագուայից մեծ քանակությամբ կոկաինի ներկրման և այն Լոս Անջելեսի փողոցներում տարածելու մեջ: Այո՛, մինչ ԱՄՆ հանրությանը բացահայտ ներկայացվում էր թմրամիջոցների դեմ մղվող պայքարը, հակառակ դրա` նույն կառավարությունը գաղտնի նպաստում էր երկրի խոշորագույն քաղաքներից մեկում դրա սպառմանը: Պարզվեց, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում էր Նիկարագուայի ապստամբներին, որոնք նաև թմրադիլերներ էին, ու նրանցից ներկրում ցածրորակ կոկաին, որը նույնիսկ ետնախորշերում բնակվող աղքատ երեխաները կարող էին ձեռք բերել: Կառավարությունը կատաղության մեջ էր, իսկ լրատվամիջոցներն անցան կառավարության կողմն ու սկսեցին հարձակվել Ուեբի լրագրողական աշխատանքների վրա: Այնուամենայնիվ, Ուեբը Պուլիտցերյան մրցանակ է ստացել իր հոդվածների շարքի համար, և նրա բոլոր բացահայտումներն ի վերջո հաստատվել են, սակայն այն բոլոր հարձակումներն ու ճնշումները, որոնց նա արժանացավ, ի վերջո վերջ դրեցին նրա լրագրողական կարիերային: Նա մի աշխատանքից մյուսին էր անցնում և այդպես էլ նրան չհաջողվեց խոշոր տպագիր որևէ թերթում աշխատանք գտնել: 2005թ.-ին ինքնասպանություն գործեց. այսպես են փաստորեն պատժվում միայն նրա համար, որ բարձրաձայնում են ճշմարտությունը:
3. Ռայչել Քարսոն

Ռայչել Քարսոնը գիտնական էր, բնագետ, ով հատկապես հայտնի է դարձել բնության մասին լիրիկական նկարագրություններով հագեցած հոդվածներից ու գրքերից: Իհարկե, շատերն են գրում բնության մասին, սակայն Քարսոնը կարծես ավետարանում էր այն: Նա հավատում էր բնության գեղեցկությանը, և նրա գրելու տաղանդը դարձրեց նրան ԱՄՆ պատմության մեջ բնության մասին գրող ամենասիրված հեղինակներից մեկը: 1957թ.-ին Քարսոնը, ով նաև աշխատում էր Ձկնորսության կոմիտեում, սկսեց անհանգստանալ պեստիցիդների լայնածավալ օգտագործումից: Այն ժամանակ դեռևս գոյություն չունեին շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպված շարժումներ, և շատերը երկիրն ընկալում էին որպես անսպառ ռեսուրսներ ունեցող մի վայր: Քարսոնն իր բոլոր ուժերը նվիրեց աշխարհին արթնացնելուն` զգուշացնելով թունաքիմիկատների վնասակարության մասին: 1962թ.-ին լույս է տեսնում նրա «Լուռ գարունը» գիրքը, որն իրենից շոկային զեկույց էր ներկայացնում` լի բազմաթիվ օրինակներով, թե ինչպես են պեստիցիդները վնասում շրջակա միջավայրին: Գիրքը կարճ ժամանակահատվածում բեսթսելեր է դառնում և միանգամից սկիզբ դնում ժամանակակից բնապահպանական շարժմանը: Քարսոնի աշխատանքը հուզում է ոչ միայն ամերիկացիներին, այլև ամբողջ աշխարհի հազարավոր մադկանց: Արդյունքում ոչ միայն մի շարժում է կազմակերպվում, որը կարողանում է արգելել որոշ թունաքիմիկատների օգտագործումը, այլև ստեղծվում է Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը: Քարսերը մահացել է գիրքը հրատարակելուց երկու տարի անց քաղցկեղից, սակայն նրա սերը բնության հանդեպ ու այն պաշտպանելու անխնա ջանքերը մինչ այսօր ապրում են` վարակելով բազմաթիվ մարդկանց: Ահա թե ինչ կարող է անել մարդը ընդամենը մեկ տպիչ մեքենայով ու իր համոզմունքներով:
2. Վուդվարդ և Բերնսթեյն

Չնայած սկանդալային բացահայտումները մեծապես 20-րդ դարում են արվել, այնուամենայնիվ դեռևս նախորդ դարի 70-ականներին եղել են համարձակներ, ինչպես օրինակ Բոբ Վուդվարդն ու Քարլ Բերնսթեյնը: Նրանք երիտասարդ լրագրողներ էին, ովքեր աշխատում էին «The Washington Post» պարբերականի համար: Նրանց հանձնարարված էր լրագրողական հետաքննություն վարել ու հրապարակել Վոթերգեյթի շինության մեջ Ազգային դեմոկրատական կուսակցության շենքի կողոպուտի մասին: Վուդվարդն ու Բերնսթեյնը, խորանալով հետաքննության մեջ, սկանդալային հանցագործությունների կծիկի հետքերով գնալով, բացահայտեցին Սպիտակ տան կապը տեղի ունեցած հանցագործության մեջ: Նրանք իրենց «հետաքնչական լրագրողներ» անվանեցին և ապացուցեցին, որ եթե լրագրողը նվիրվածությամբ իր աշխատանքում գնա մինչև վերջ, նույնիսկ երկրի նախագահը իր ամբողջ իշխանությամբ չի կարող որևէ կերպ խուսափել նրանից:
1. Էդվարդ Մյուրոու

Նույնիսկ իր մահվանից 50 տարի անց Մյուրեյը մնում է ԱՄՆ լրագրողական աշխարհի ամենահարգված կարկառուն մարդկանցից մեկը: Մյուրեյին համաշխարհային համբավ է բերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «CBS» ռադիոընկերության համար որպես թղթակից աշխատելը, երբ ուղիղ եթերով նա մեկնաբանություններ էր անում ու լուսաբանում ընթացող պատերազմը: Երբ պատերազմն ավարտվեց, նա վերադարձավ ԱՄՆ և շարունակեց ռադիոլրատվության մեջ իր բարձրակարգ լրագրողական աշխատանքը, իսկ այնուհետև արդեն իրեն փորձեց հեռուստալրագրության մեջ: Իր ամենահայտնի հեռուստատեսային «Տես հիմա» խորագրով լրատվական ծրագրի շրջանակներում նա լրագրողական հետաքննություն է անցկացնում բացահայտելու սենատոր Ջոզեֆ Մքարթիի և իր կառավարական անձնակազմի` քաղաքացիական իրավունքների ոտնահարման դեպքերը: Օգտագործելով այն ժամանակվա տեխնոլոգիաները` նա Մքարթիի դեմ ուղղեց հենց նրա ելույթները` պախարակելով նրան իր իսկ բառերի միջոցով: Մինչ այժմ էլ նրա մեթոդներն օգտագործվում են բացահայտելու քաղաքական գործիչների վարած մութ քաղաքականությունները, սակայն քչերին է հաջողվում դրանք այնքան արդյունավետ կիրառել, որքան Մյուրրոուն, ով չվախեցավ ժամանակին լուսավորել հանրությանն ու պատռել քաղաքական գործիչների մութ դիմակները:



