Սեպտեմբերի 2
Ցանկանում եմ կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբրի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր միասնության կերտման սկիզբը։ Այդ այցելությամբ կփաստենք մեր բոլորի համար Արցախում պայքարող և զրկանաքներ կրող մեր քույրերին և եղբայրներին, որ մենք էլ պատրաստ ենք իրենց համար միասնական քայլ անել։ Իրենք մեզ համար են անում, մենք էլ պարտավոր ենք իրենց համար անել։
Բայց այսօր ցանկանում եմ կոչս հղել համայն հայությանը՝ Վլադիվոստոկից մինչև Գլենդել։ Սիրելի՛ հայեր, եկեք սեպտեմբերի 2-ին ապրենք Արցախով։ Հասկանում եմ, որ շատ հայեր ամեն օրն են այդպես ապրում, բայց այսօր ես դիմում եմ բոլորին. առնվազն այդ օրը դարձրեք Արցախի օր, ինչպես ձեզ համար, այնպես էլ արցախահայության և ձեր շրջապատի համար։ Միգուցե մեկդ մի քանի ընկեր ունի, մյուսը՝ ազդեցություն հազարների վրա, երրորդը՝ միլիոնների։ Օգտագործե՛ք ձեր ազդեցությունը, ցույց տվեք, որ այդ օրը ձեզ համար Արցախի օրն է։ Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներով շապիկ, գլխարկ, կրծքանշան կրելով, Արցախի դրոշը ուսներիդ, ձեռքներիդ պահելով, ձեր սենյակներում դնելով, մեքենայի դիմապակուն կպցնելով, ձեր սոցիալական էջում տեղադրելով, դրա մասին խոսելով և բոլորին պատմելով (վստահ եմ, որ բոլորդ էլ ավելի ստեղծագործ միտք կհղանաք և եթե այդ որոշումը կայացնեք, կգտնեք ձեզ համար ամենաարդյունավետ միջոցը՝ ձեր սրտի, հոգու և մտքի համար ամենաճիշտ ձևակերպումով աշխարհին ասել)՝ ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԻ ՕՐՆ է։ Եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։
Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի:
Իսկ Երևանում հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության Ներկայացուչթյուն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/pfbid02EFB6bvLxJM9SehR2mR8jkc3ZenSdnkbA47j3crGFNmpqZq2ART99mcgZgcrdiygrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել