Սիրո երգիչ Հայկոն այսօր կդառնար 50 տարեկան: Հայկ Բորիսի Հակոբյանը ծնվել է 1973 թվականին։

Նրա մայրը՝ Սուսաննա Նիկողոսյանը, գրառում է կատարել և  հրապարակել լուսանկար: «Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին 48 տարեկանում կյանքից հեռացավ երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն էր։ 

Ամեն տարի նրա ծննդյան օրը ընկերները, երկրպագուները մեծ համերգ են կազմակերպում: Այս տարին էլ բացառություն չէ, այսօր՝  օգոստոսի 25-ին, Հայկոյին նվիրված համերգ  տեղի կունենա:

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի  Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել