Օրերս Կառավարության նիստում Նիկոլը խոսեց այն մասին, որ որոշել են Հրապարակում գտնվող Հայփոստի հայտնի շենքը մասնավորեցնել, իսկ եթե ավելի դիպուկ՝ մաղբուն անել: «Հրապարակի վրա գտնվող Հայփոստի հայտնի շենքը կարող է ավելի մեծ դեր ունենալ մեր քաղաքում, բայց բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չունի այդ դերը: Այդ շենքի հետ կապված գաղափարը հետևյալն է՝ վերցնում ենք այդ շենքը, ի դեպ, առաջին անգամն է, որ այս մոդելը կիրառում ենք, ստեղծում ենք բաժնետիրական ընկերություն...բաժնետոմսեր ենք թողարկելու, և այդ բաժնետոմսերը տեղաբաշխելու ենք Երևանի ֆոնդային բորսայում»,-մասնավորապես՝ ասել էր Նիկոլը՝ առաջ բերելով հարցեր:

Օրինակ՝ մարդկանց մոտ հարց է առաջանում, իսկ կա՞ն հիմքեր՝ հուսալու, որ այն, ինչ հայտարարել է Նիկոլը Կառավարության նիստում, հերթական խաթան չի դառնա քաղաքի ու երկրի գլխին:

Խնդիրն այն է, որ տարիներ առաջ էլ ԱԳՆ-ի հայտնի շենքն իբր մասնավորեցրին՝ խոստանալով, որ հայ հայտնի գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանը, որ շենքը ձեռք էր բերել առանց աճուրդի՝ վճարելով ավելի քան 51 մլն դոլար, այն շուտով վերածելու է թանգարանի: Արդյունքում այսօր քաղաքի ամենակարևոր վայրում՝ Հրապարակում, ունենք մի գեղեցիկ, բայց դափ-դատարկ կառույց, ինչը թերևս առաջին հերթին խաթարում է հենց մեր ազգային դիմագիծն ու նվաստացնում մեր արժանապատվությունը. է՛լ որտե՞ղ նման խայտառակ պատկերի կարող ես ականատես լինել:

Հիմա Նիկոլը որոշել է ակնհայտորեն գնալ նույն ճանապարհով: Կա՞ երաշխիք, որ Հայփոստի շենքն էլ չի արժանանա ԱԳՆ-ի շենքի տխուր ճակատագրին: Համենայն դեպս՝ այսօրվա դրությամբ որևիցե իշխանավոր նույն Էռնեկյանից չի պահանջել դեռևս կատարել ստանձնած պարտավորոթյուններն ու ԱԳՆ-ի շենքը վերածել խոստացված թանգարանի: Նախ՝ թող լուծեն ԱԳՆ-ի շենքի հարցը, հետո՝ անցնեն Հրապարակում գտնվող մյուս կառույցին, թող ցրեն կասկածներն առ այն, որ Հայփոստը կարող է վերածվել հերթական դատարկ կառույցի: Ինչո՞ւ Էռնեկյանին չեն ստիպում կյանքի կոչել սեփական խոստումները, դրսևորել պատասխանատվություն, բարար լեգիտիմություն չունե՞ն, թե՞ վախենում են: Իսկ գուցե բոլորի համար էլ միևնույնն է՝ ինչ կլինի Հրապարակի ճակատագիրը…

Իսկ ինչո՞ւ պետք է Էռնեկյանին հիշեցնեն ունեցած պարտավորությունների մասին, եթե ընդամենը քանդող բրիգադ են: Ա՛յ եթե թուրքերի ազգային շահերից բխեր, որ ԱԳՆ-ի նախկին շենքն այսօր դատարկ չլիներ, Նիկոլը շնչակտուր շենքի վերակենդանացման պլանը կյանքի կկոչեր՝ մի անօրինակ փիառ ակցիա սարքելով, բայց քանի որ Իլհամի շահերից բխում է հակառակը, ուստի ոչ մեկի տանձին չէ, թե ինչ է լինելու Հրապարակի վերջը. կարևորը փող քերեն ու օֆշորներում ամբարեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել