ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր` 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք:Ա․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։
Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmInvestigative/posts/pfbid02uJx8zcWqGcbkPPq1fFBM9GJaZUKc212bSu5bfyPsRyhB7eAXSincSEUtWfLdpvAyl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել