Mediahub.am-ը գրում է․

Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շուրջ բունտ է հասունանում։ Քաղաքապետարանը պատրաստվում է, կամ արդեն ոչ ֆորմալ թատրոնի տնօրեն է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին։ Ավելին, Ջանիբեկյանն այս օրերին այցելում է թատրոն, միջամտում է վերանորոգման աշխատանքներին։

Թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դերասանները դեմ են Ջանիբեկյանի նշանակմանը։ 

«Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մակիչ Մարգարյանն է ինձ ասել, որ Սոսը թատրոնի տնօրեն է նշանակվել, քաղաքապետարանից նրան արդեն ներկայացրել են։ Իմ այն հարցին, որ տնօրենն ընտրվում է մրցույթով, սա օրենքի խախտում է, պատասխանեց՝ չգիտի մանրամասները»,-պատմեց Չոբանյանը։ 

Նրա խոսքով՝ թատրոնի անձնակազմը չի ցանկանում աշխատել «Մհեր Մկրտչյան» թատրոնի հետ կապ չունեցող անձանց հետ։ Չոբանյանը նշեց, որ դերասանները տնօրենի պաշտոնում իրեն են տեսնում։ 

«Թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմով հանդիպել ու զրուցել ենք։ Նրանք դեմ չեն եղել, որ ես լինեմ իրենց ներկայացնողն ու տնօրենը, հաշվի առնելով, որ մոտ 7-8 տարի է աշխատում եմ թատրոնում»,-ասաց նա։ 

Առանց մրցույթի թատրոնի տնօրեն չեն կարող նշանակել, դա օրենքի կոպտագույն խախտում է։ Չոբանյանն ասում է՝ իշխանություններից հեռու չէ, կփորձեն ինչ-որ ձեւով շրջանցել օրենքը։ Իսկ եթե քաղաքապետարանը, այնուամենայնիվ, շարժվի օրենքով եւ մրցույթ հայտարարի, Չոբանյանը շեշտեց՝ կմասնակցի դրան եւ գուցե հենց ինքն էլ հաղթի։ 

Երեւանի քաղաքապետարանը ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, հաշվի առնելով Սոս Ջանիբեկյանի ընդգծված իշխանական լինելու հանգամանքը։ Ջանիբեկյանը MediaHub-ի հետ զրույցում չհերքեց իրեն «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն նշանակելու մասին տեղեկությունը։ 

«Դեռ քննարկման փուլում է»,-ասաց նա։

Հարցին՝ մրցույթ նշանակվելո՞ւ է, ասաց՝ մանրամասներին ծանոթ չէ։ 

Պաշտոնը ստանձնելու օրը Ջանիբեկյաննին դեռ հայտնի չէ․ «Դեռ շատ նախնական փուլում է գործընթացը»։ 
Առաջարկն ընդունելու մասին հարցին էլ ասաց, որ դեռ մտածում է․ «Մանրամասներն ենք քննարկում, նման պրոցեսները անմիջապես տեղի չեն ունենում»։ 

Դիտարկմանը, որ թատրոնի դերասանները ցանկանում են իրենց թիմից լինի տնօրենը եւ դեմ են իր նշանակմանը, Ջանիբեկյանն արձագանքեց․ «Լավ են անում, ինչ ասեմ»։

Նշենք, որ թատրոնը հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել