Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

6. Կենտուկիի տապակած ճուտը

5289614666 3Bfe75A8Be O

Ավանդական ճապոնական սննդակարգը բավականին առողջ սննդակարգ է, որի հիմնական մասն են կազմում բրինձը, թոֆուն (ճապոնական կաթնաշոռ) և թարմ բանջարեղենը: Այս առողջ սնունդը նպաստում է ճապոնացիների երկարակեցությանը: Այնուամենայնիվ, կան նաև շատ ամերիկացիներ, ովքեր թուլություն ունեն ամերիկյան ֆասթ ֆուդի հանդեպ: Նրանք հատկապես սիրում են տապակած ճուտ:

Թեպետ քրիստոնյաները շատ քիչ տոկոս են կազմում ճապոնացիների շրջանում, Ճապոնիայի քրիստոնյա բնակչության շրջանում Սուրբ Ծննդյան նախօրեին KFC հաճախելու ավանդույթ կա: Դեկտեմբերի 24-ին Ճապոնիայի բոլոր KFC ռեստորանների դիմաց մեծ հերթեր են գոյանում: Շատերը սեղաններ են պատվիրում դեռևս մի քանի ամիս առաջ, որպեսզի հետագայում ժամերով չսպասեն, մինչև տեղ ազատվի: Ճապոնիայի մեծ քաղաքներում գրեթե յուրաքանչյուր թաղամասում KFC ռեստորան կա: Այս ռեստորանների մուտքի առաջ դրված է Գնդապես Սանդերսի արձանը:   

Սանդերսի արձանի հետ կապված մի ուշագրավ դիպված է արձանագրվել: 1985 թ.-ին, երբ «Հանշինյան վագրեր» բեյսբոլի թիմը հաղթանակ տարավ Ճապոնիայի բեյսբոլի առաջնությունում, հարբած երկրպագուները փողոց «թափվեցին»: Ստեղծված քաոսում Գնդապետ Սանդերսի արձանը նետվեց Օսակայի գետը: Դրան հաջորդող տարիներին «վագրերին» չի հաջողվել հաղթանակ տանել: Ասում են, որ թիմի ձախորդության պատճառը գնդապետի անեծքն է: 2009 թ.-ին արձանի մեծ մասը դուրս հանվեց գետից: Բնականաբար, այն զգալիորեն վնասվել էր. արձանի ակնոցները և ձախ ձեռքի հատվածը մինչ այժմ էլ բացակայում են: Որոշ տեղացիներ հավատացած են, որ անեծքը չի անցնի մինչև չվերականգնվի գնդապետի ամբողջական արձանը:  

 

7. Աշխատանքային էթիկան ճապոնիայում

Schlafende Japaner

Ճապոնացիները հայտնի են իրենց ջանասիրությամբ: Այնուամենայնիվ, կան ճապոնացի բիզնեսմեններ, որոնք ամբողջ օրն աշխատանքի վայրում անցկացնելու փոխարեն հարբած երգեր են երգում կարաոկե ակումբներում: Ճապոնիայում ընդունված է խմելու գնալ նաև աշխատանքային կոլեկտիվով: Այդ գինարբուքների ժամանակ երիտասարդ աշխատողները ջանում են հնարավորինս շատ սակե (բրնձի օղի) խմել, որպեսզի հետ չմնան իրենց փորձառու ղեկավարներից, սակայն նրանց ոչ մի կերպ չի հաջողվում գերազանցել ղեկավարներին:    

Ճապոնիայում ընդունված է նաև աշխատավայրում նիրհել: Գործատուները բարձր են գնահատում այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքային ժամերին կարճ ժամանակով ննջում են: Այս կարճ նինջը կոչվում է «ինեմուրի» և համարվում է ուժերը վերականգնելու միջոց: Այն խորհրդանշում է քրտնաջան աշխատանք և նվիրվածություն:   

 

8. «Կիտ կատ» շոկոլադ նվիրելու ավանդույթը

kitakat3-560x373.jpg

Ճապոնացիները սիրում են նորամուծություններ կատարել իրենց սննդակարգում: Համեմունքների բազմազանությունը, որ նրանք օգտագործում են, հաճախ խորթ է արևմուտքի բնակիչների քիմքին: Ճապոնացիները նոր համ ու հոտ են տվել անգամ «Կիտ կատ» շոկոլադին: «Կիտ Կատ» (Kit Kat) շոկոլադը շատ հայտնի է Ճապոնիայում: Բանն այն չէ, որ այս շոկոլադի համը մյուս շոկոլադներից ավելի շատ է դուր գալիս ճապոնացիներին: «Կիտ կատ» անվանումը պարզապես շատ նման է «kitto katsu» արտահայտությանը, որը թարգմանաբար նշանակում է «դու պետք է անպայման հաղթես»: Այս արտահայտությունը ճապոներենում կիրառվում է հաջողություն մաղթելու համար: Այսպես, երեխաներին հաճախ «Կիտ կատ» շոկոլադ են տալիս քննությունից առաջ` նրանց այս կերպ հաջողություն մաղթելով: Ի տարբերություն աշխարհի մնացած երկրների, որտեղ «Կիտ կատը» բացառապես կաթնային շոկոլադ է, Ճապոնիայում տարածված են «Կիտ կատի» տարբեր էկզոտիկ տեսակներ` եգիպտացորենի, միսոյի, կամամբեր պանրի և սոյայի սոուսի համերով:    

 

9. Հանցագործությունը

Ace-Attorney-Japanese-Film-Game-Adaptation-By-Takashi-Miike-Nyaff-Japan-Cuts-2012-Akira-Emoto-620X

Թեպետ Յակուձայի (ճապոնական հանցավոր խմբավորումներ) մասին հյուսված առասպելները մինչ այժմ էլ լայնորեն տարածված են, Ճապոնիայում հանցագործությունների տոկոսը բավականին ցածր է: Այնտեղ ձեռքի ատրճանակ պահելն ապօրինի է համարվում, և անգամ ծիսակատարությունների թրերը պետք է գրանցել ոստիկանությունում: Թեպետ սպանություններ ու առհասարակ հանցագործություններ հազվադեպ են լինում Ճապոնիայում, դատավարությունների ժամանակ ամբաստանյալների 99 տոկոսը մեղավոր է ճանաչվում և դատապարտվում: Եթե դատավորը ազատում շնորհի ամբաստանյալին, դա կարող է լուրջ վնաս հասցնել նրա կարիերային:

Ճապոնիայում գործում է նաև մահապատիժ: Ամեն տարի մոտ 2-3 կալանավոր դատապարտվում է մահապատժի: Ի տարբերություն մյուս երկրների` Ճապոնիայում բանտարկյալներին հայտնում են, որ նրանց մահապատժի են ենթարկելու մահապատժից ընդամենը մի քանի ժամ առաջ: Նրանց ընտանիքի անդամներին կանխավ չեն զգուշացնում, որ իրենց հարազատը մահապատժի է դատապարտվել: Նրանց հաղորդում են այդ տեղեկությունը մահապատժի իրագործումից հետո: Ճապոնիայի պատմության մեջ կիրառվել են մահապատժի զարհուրելի և տարօրինակ եղանակներ, սակայն ներկայումս կալանավորներին մահապատժի են ենթարկում կախաղանի միջոցով:  

 

10. Հիքիկոմորի

Screen Shot 2013-05-26 At 6.26.20 Pm

Թեպետ ներկայումս նկատվում է աշխարհի բնակչության թվի զգալի աճ, ճապոնացիները համարվում են ծերացող ազգ: Անկասկած, յուրաքանչյուր հասարակության մեջ էլ կան փոքր թվով բնակիչներ, որոնք մեկուսանում են հասարակության մյուս անդամներից և մի տեսակ «ճգնավորական» կյանքով են սկսում ապրել: Այս մենակյաց մարդկանց մեծ մասը տարեցներն են, որոնք տառապում են ընկճախտով (դեպրեսիա), տարածավախությամբ (ագորաֆոբիա) կամ այլ հոգեկան խնդիրներով: Մարդկանց մեկուսացումը հասարակությունից Ճապոներենում կոչվում է «հիքիկոմորի»: Ճապոնիայի առանձնահատկությունն այն է, որ այս մեկուսացումը տեղի է ունենում երիտասարդ տարիքում: Հասարակությունից մեկուսացած ճապոնացի բնակչության մեծ մասը դեռահասներն ու քսանից երեսուն տարեկան երիտասարդներն են: Հստակ բացատրություն չկա, թե ինչու է հիքիկոմորիի տոկոսն աճել: Ասում են, որ սա կարող է պայմանավորված լինել ինտերնետի տարածմամբ կամ ուսումնական գերծանրաբեռնվածությամբ: Հոգեբույժները վերջերս սկսել են մտահոգվել այս խնդրով և ձեռնամուխ են եղել մեկուսի կյանքով ապրողներին բուժօգնություն ցուցաբերելու գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել