Հայերիս մոտ աշխարհընկալումը ահավոր վերացական ա, ու հաճախ մեր պատկերացումները էականորեն տարբերվում են իրականությունից: Դա հատկապես վերաբերում է այլ երկրների ու համակարգերի մասին ունեցած մեր պատկերացումներին: Օրինակ եթե Ռուսաստանն է, ապա դա անպայմանորեն ցուրտ, մեծ ու հասանելի կանանցով հագեցած երկիր է, որը ձեռքի հետ էլ ուժեղ բանակ ունի: Եթե Եվրոպա է, ապա անպայմանորեն Ժան Ժակ Ռուսսոյի ու Վոլտերի մտածելակերպով ու տոտալ բարեկեցության վայր է, որտեղ կարգուկանոն է, ու գեղեցիկ քաղաքներն են: Եթե Ամերիկա է, ապա անպայմանորեն Ազատության արձանն է, Սպիտակ տունը ու մի քիիչ դմբլո, բայց ժպտադեմ նախագահները, իսկ ազատությունն ու ամենքին ընձեռվող հնարավորությունները երկրի հաջողության գրավականն են: Եթե Սովետն է, ապա անպայմանորեն լճացումն ու փակ սահմաններն են և բնականաբար ստալինյան տեռորը:
Իհարկե, սա անհեթեթություն է և նույնքան անհեթեթություն է հակառակ կարծիքը, երբ ասենք Սովետն էր անթերի երկիր, Եվրոպան` գոմիկների ու զոոֆիլների հավաքատեղի, Ամերիկան՝ զոմբիների ու հանցագործների հավաքատեղի, իսկ էսօրվա Ռուսաստանը՝ նոր Սովետ: Ոչ մի կերպ չուզենալով վարկաբեկել կամ գովաբանել այս կամ այն կողմին` ուզում եմ մեկ օրինակի վրա ցույց տալ, թե ինչքան տարբեր է առկա իրականությունը շատերիս ունեցած պատկերացումներից: Նման մի շատ հաջող օրինակ Գոբլինի մոտ էր բերված...
Ուրեմն, շնորհիվ տարբեր դիսսիդենտների ու հատկապես Սոլժենիցինի, հասարակության լայն շերտերի մոտ արմատացած ա այն կարծրատիպը, որ ուղղիչ աշխատանքային գաղութներն ու Գուլագները զուտ ստալինյան նոու հաու էին, իսկ Ստալինի ժամանակ ժողովրդի կեսը նստած էր, իսկ մյուս կեսը հսկում էր նստածներին: Այնինչ, քննենք ամերիկյան փորձը:
Ստրկության վերացումից հետո, հատկապես հարավային նահանգներում, որտեղ սևամորթները կազմում էին բնակչության մինչև 90 տոկոսը, թռիչքային աճ ապրեցին սևամորթ բնակչության կողմից կատարվող հանցագործությունները՝ հատկապես սպիտակամորթ նախկին ստրկատերերի նկատմամբ: Միևնույն ժամանակ կար աշխատուժի սուր դեֆիցիտ՝ բամբակի դաշտերում և այլուր, որտեղ նախկինում կիրառվում էր ստրուկների աշխատանքը: Ի վերջո, հո իզո՞ւր չէին միլիոններով ստրուկներ պահում:
Հենց այդ ժամանակ էլ հաջողությամբ ներդրվեց ուղղիչ աշխատանքային գաղութների կոնցեպցիան, որոնք բեկեցին տնտեսության լճացումը հարավում. սևամորթներին նստացնում էին վագոններով, ու այնպես չէ, որ անմեղ-անմեղ, իսկ որպեսզի հավելյալ միջոցներ չծախսեին նրանց վերահսկողության համար, հենց կալանավորների կազմից ընտրում էիին վստահված անձանց (որպես կանոն՝ մարդասպանների), նստացնում էին նրանց ավանակի կամ ջորու վրա, հրացան էին տալիս և հանձնարարում էին հսկել իրենց կողակիցներին: Ասեմ ավելին, եթե փախուստի փորձի ժամանակ այս վստահված անձինք (trusties) գնդակահարում էին փախչողին, ապա նրանց միանգամից ազատ էին արձակում:
Կա մի հետաքրքիր նախադեպ թրասթիների մասով. մի սրիկա՝ Ռուֆ Փյորսֆուլ անունով, 1924 թվականին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ մարդասպանության համար: Արդեն 1927 թվականին ուղղիչ աշխատանքային հաստատությունում վստահված անձ դարձած Ռուֆը սպանեց փախչել փորձող մի կալանավորի և նրան ազատ արձակեցին: 1932 թվականին նա նորից դատապարտվեց ազատազրկման՝ հղի կնոջ բռնաբարության ու սպանության համար, բայց նույն թվականին նա էլի փախչել փորձող կալանավորի սպանեց և նրան ազատ արձակեցին: Դեռ 1932 թվականը չէր ավարտվել, նա նորից հայտնվեց կալանավայրում՝ կողոպուտի համար, բայց մի քանի օր հետո նա սպանեց մեկ կալանավորի և ևս երեքի վիրավորեց, նրան նորից ազատ արձակեցին: Եվ այսպես էլի մի քանի անգամ, մինչև նա չգործեց ճակատագրական սխալ՝ դաշնային օրենք խախտեց և փոստային օֆիսի կողոպուտի համար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, իսկ ամերիկյան օրենսդրության համաձայն` դաշնային հանցագործություններ գործածները պատիժը կրում են դաշնային կալանավայրերում, որտեղ էլ չկան այն արտոնությունները, ինչ նահանգի ենթակայության տակ գտնվող ուղղիչ աշխատանքային գաղութներում: Բնականաբար, այստեղ Ռուֆի համար սկսվեց դժոխք, որովհետև այստեղի կալանավորները ատում են բռնաբարներին ու հատկապես ադմինիստրացիայի հետ համագործակցած անձանց: Որպեսզի Ռուֆին չսպանեն, նրան տեղափոխեցին Ալկատրաս բանտը, որտեղ կալանավորները իրենց պատիժը կրում են միայնակ խցերում, բայց այստեղ էլ նա օր ու արև չուներ, և այլ կալանավորները ամեն հարմար առիթ օգտագործում էին նրան նվաստացնելու, ծեծելու համար: Արդյունքում, Ռուֆը ցնորվեց ու գժվեց, ինքն իրեն մի քանի անգամ խեղեց և ազատության մեջ հայտնվեց կատարյալ գժի կարգավիճակով և անձնական գործի մեջ 2 murders and 7 killings նշումով: Անգլերենում դրանք տարբեր նշանակություն ունեն, հատկապես իրավաբանության տեսակետից, բայց դե հայերենում էլ, ռուսերենում էլ, սպանություն բառն է:
Ասածս ի՞նչ ա, Սովետ ու Ստալին քլնգելու միլիոն պատճառ կա, բայց եթե ուղղիչ աշխատանքային գաղութը համարվում է բացարձակ չարիք, ապա այն բացարձակ չարիք է նաև իր ստեղծման վայրում՝ ԱՄՆ-ում, եթե չարիք է ֆաշիստների օրինակով կալանավորների շարքից նույն կալանավորներին հսկող զինված անձնակազմ կազմելը, ապա դա չարիք է նաև այդ կոնցեպտը լայնորեն շրջանառության մեջ դրած ԱՄՆ-ի համար և այսպես շարունակ, իսկ էս պատմության ողջ խորհուրդը նրանում է, որ պետք է ուղղակի ավելի քիչ կարծրատիպերի վրա հիմնվել և իրերին ու երկրներին նայել սթափ, ու այդ ժամանակ կկարողանանք մեզ համար ձևավորել աշխարհին, ժամանակին ու իրականությանը համահունչ արժեհամակարգ ու աշխարհայացք:



