Mediahub.am-ը գրում է․
Կնոջս ու երեխաներիս սպանող Արկադին ու իր փաստաբանը փորձում են գործը քննող քննիչին վարկաբեկել, որպեսզի ժամանակ շահեն։ Հոկտեմբերին առաջին դատական նիստն է ու իրենք գիտեն, որ տարբերակ չունեն արդարացվելու, դրա համար էլ այսպիսի ճղճիմ քայլերի են դիմում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը երեկ MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանյալը հացադուլ է հայտարարել ու արդարություն է պահանջում, քանի որ նշում է՝ սպանության հետ որևէ կապ չունի, բայց շարունակում է կալանքի տակ մնալ։
«Դատին երկու ամիս մնաց, գիտեն, որ խուսափելու տեղ չունեն, ուզում են՝ քննիչը փոխվի, ձեռքերը փրփրներին են գցել։ Գործով քննչական խմբի ղեկավարը Նարեկ Գարեգինյանն է, մայոր է, իր մասին կարող եմ ասել այն, որ իր գործը շատ լավ է կատարում, փորձառու քննիչ է, առաջին օրվանից մինչև հիմա գիշեր-ցերեկ այս գործով է ընկած ու վստահ եմ, որ ամեն ինչ ճիշտ է անում։ Այն ինչ իմացել ենք, իր կատարած աշխատանքի շնորհիվ է»,-ասաց Սևակ Մելիքսեթյանը։
Ընտանիքի հայրը հերքեց Արկադիի փաստաբանի այն խոսքերը, թե վերջինս հետ քննչական գործողություններ տեղի չեն ունենում։
«Տարբերակ չունեն, ինչ էլ լինի, ցմահ պիտի նստի։ Տեսա նաև ձեր նյութը, որտեղ ասում եք՝ Արկադին հացադուլ է հայտարարել, իրականում, չեմ կարծում, սա ինչ-որ մեկին հետաքրքիր է, իսկ ինչի՞ էին իրեն հաց տալիս, որ մի բան էլ հացադուլ է անում»,-նշեց ընտանիքի հայրը։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։
Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալն այլ վայրում է եղել։
Հիշեցնենք նաև՝ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը նախորդ ամիս ևս երկու ամսով երկարաձգել է։