Գորիսում կարծես թե վենդետտա է հասունանում զինվորական դատախազության Սուրիկ Խաչատրյանի որդու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին սկանդալային որոշումից հետո: «Ժողովուրդը» գրել է, որ արտասահմանից սկսել են վերադառնալ Բուդաղյան գերդաստանի տարբեր անդամները, որոնք կարծես թե նպատակադրված են ամեն գնով վերականգնել արդարությունը:
Ի՞նչ խոսք, ես դեմ եմ Լինչի դատաստանի ցանկացած դրսևորման, առավել ևս, որ սա շատ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ, եթե քաղաքացիները սկսեն ըստ իրենց հայեցողության որոշել արդարությունն ու պատիժը, բայց կոնֆլիկտի էսկալացման համար պատասխանատու կլինեն առաջին հերթին Սուրիկ Խաչատրյանը, ով, դեռ տղային ազատելու լուրը չմարսած, սկսեց այնպիսի հայտարարություններ անել, որոնք պարզապես ապտակ են Բուդաղյաններին, իսկ երկրորդ հերթին մեղավոր կլինեն Սուրիկ Խաչատրյանին անպատժելիությամբ օժտած նրա հովանավորները, ովքեր այսքան լարված սոցիալական պայմաններում նման արկածախնդրության գնացին:
Գոււցե պլանն այնպիսին էր, որ ուզում էին «ոչ ինձ, ոչ քեզ» տարբերակն անցկացնեին և չդատելով Արտակ Բուդաղյանին մի կողմից` ազատեին նաև Լիսկայի որդուն և թիկնապահին, բայց օրինակ, ըստ թերթի, Բուդաղյանների կողմից այս քայլն ընկալվել է որպես «Դուք լուծեք ձեր հարցերը, ոնց կարողանում եք», իսկ դա իրոք շատ ու շատ վտանգավոր է:
Դե իսկ արդարադատության նկատմամբ տածած հավատին հասցված ուժեղագույն հարվածի մասին խոսք անգամ լինել չի կարող, և հիմա այն ցայտնոտային քայլերը, որոնց անցել է դատախազությունն, ուղղակի ավելի են խորացնում այն անջրպետը, որ առանց սրա էլ գոյություն ուներ հանրության ու իրավապահների միջև:
Շատ մեծ սխալ էր այս որոշումը, այն էլ հիմա, ու ոչ մի արդարացնող հանգամանք չկա:



