Aysor.am-ը գրում է.
Երկրում և դրանից դուրս թիկունքն ամրապնդելու ամենալուրջ գործողություններն են իրականացնում այսօր ամերիկյան իշխանությունները` շարունակելով նաև կոշտ հռետորաբանությունը: Այնուամենայնիվ, այս ամենը գոնե առայժմ նախևառաջ հոգեբանական ներգործման միտում ունի` առավելապես ուժի սպառնալիքի կիրառման տեսքով:
Պարզ է նաև ստվերային սակարկությունների արդյունքը` սիրիական քիմական զենքի վրա միջազգային վերահսկողության հաստատումը: Սա բավարար է` գոնե առժամանակ Սիրիայում ռազմական միջամտության թեման փակելու համար. այս հանգամանքը պարզերես է դարձնում հիմնական շագհագրգիռ կողմերին: Մի կողմից պաշտոնական Դամասկոսն է գնում էական և շոշափելի փոխզիջման` ապահովագրելով երկիրն անկանխատեսելի հարվածներից և կորուստներից, մյուս կողմից Նոբելյան մրցանակի դափնեկիր ԱՄՆ-ի նախագահը պահպանում է խաղաղության ջատագովի իր համբավը` ապահովագրվելով ՍԱՀ տարածքում «կարմիր գծի» անցման միջադեպերից, և վերջապես Կրեմլն է փայլում է դիվանագիտական հմտություններով` հող նախապատրաստելով քաղաքական հարթության շրջանակներում առավել ակտիվ և հաջող ջանքերի գործադրման համար:
Իհարկե, այս ամենից հիասթափվողներ էլ կլինեն, առանց դրա անհնար է: Սիրիայի ներսում արտաքին միջամտության մասին փափագող որոշ ուժեր, իսկ ավելի շատ` նրանց ուղղակի արտաքին հովանավորները` տարածաշրջանային խաղացողները... փաստորեն, այս անգամ էլ կարող է չստացվել. գուցե նոր` մտացածին և սադրիչ գործողություններ մոգոնելու անհրաժեշտություն առաջանա արդեն նոր խնդրի շուրջ:
Հնարավոր սցենար է. Սիրիայում ռազմական միջամտությունից խուսափելու հնարավորությունները դեռ սպառված չեն: