Պատմության ընթացքում մի շարք քաղաքակրթություններ անհետացել են թշնամու գրավումների, բնական աղետների և այլ պատճառներով: Այնուամենայնիվ, կան մի քանի քաղաքակրթություններ, որոնց անհետացման ստույգ պատճառը մինչ օրս պարզ չէ:
10. Օլմեկներ

Օլմեկները` առաջին մեզոամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչները, բնակություն էին հաստատել Հարավային Մեքսիկայի արևադարձային դաշտավայրում: Օլմեկների մասին առաջին վկայությունները գալիս են դեռևս Մ.թ.ա. 1400թ.-ից: Օլմեկները աչքի էին ընկնում շինարարական և ճարտարապետական մեծ ձիրքով: Նրանք կառուցել են դատարաններ, թմբեր, վիթխարի բուրգեր և քարե հուշարձաններ: Նրանց կառուցած հուշակոթողներից ամենահայտնին գլխի հսկայական քանդակն է: Օլմեկները ակտիվորեն զբաղվում էին առևտրով: Առևտուրը տեղի էր ունենում ինչպես օլմեկական տարբերն շրջանների, այնպես էլ օլմեկների և այլ մեզոամերիկյան քաղաքակրթությունների միջև: Քանի որ օլմեկները հինավուրց քաղաքակրթություն են, նրանք համարվում են բազում այլ մեզոամերիկյան մշակույթների սկզբնաղբյուրը: Սակայն ո՞ւր կորան նրանք: Մ.թ.ա. մոտ 400 թ.-ին օլմեկները սկսեցին լքել իրենց հայրենիքի արևելյան մասը` հավանաբար կլիմայական փոփոխությունների պատճառով: Կա նաև մի վարկած, ըստ որի նրանք տեղափոխվել են իրենց բնակավայրից հրաբխային ժայթքումի հետևանքով: Ըստ մի այլ տարածված տեսության` նրանց հայրենիքը զավթել են, սակայն ոչ մի աղբյուրում հիշատակված չէ, թե ովքեր են եղել զավթողները:
9. Նաբաթացիներ
Նաբաթացիները սեմիտական հասարակարգի ներկայացուցիչներ են, որ Մ.թ.ա. 6-րդ դարից ի վեր բնակվում էին Հորդանանում, Քանանում և Արաբիայում: Նրանք հատկապես նշանավորվում են Պետրա քաղաքի կառուցմամբ, որը դարձավ նրանց մայրաքաղաքը: Պետրան գեղատեսիլ քաղաք է, որի որոշ հատվածներում գերակշռում է հունական ճարտարապետական ոճը: Նաբաթացիները զբաղվում էին փղոսկրե իրերի, արծաթեղենի, համեմունքների, թանկարժեք մետաղների, մարգարիտների, խունկի, օծանելիքի և դեղամիջոցների առքուվաճառքով: Առևտրական գործունեության շնորհիվ նրանք բավականին մեծ հարստություն էին դիզում և շփումներ էին հաստատում տարբեր ազգերի հետ: Նրանց մշակույթի վրա հատկապես նշանակալի ներգործություն են ունեցել Հունաստանը, Հռոմը և Արաբիան: Ի տարբերություն այն ժամանակների մյուս քաղաքակրթությունների` նաբաթացիների շրջանում տարածված չէր ստրկատիրությունը, և յուրաքանչյուր նաբաթացի իր ներդրումն էր ունենում աշխատանքային պարտականությունների կատարման մեջ: Ո՞ւր անհետացավ այս քաղաքակրթությունը: Մ.թ.ա. 4-րդ դարում նաբաթացիներն անհայտ պատճառներով լքեցին Պետրան: Հնագիտական վկայությունները փաստում են, որ նրանց գաղթը ի սկզբանե պլանավորված և կազմակերպված էր: Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ նրանց մի այլ քաղաքակրթություն չի ստիպել հեռանալ Պետրայից: Ամենահավանական բացատրությունն այն է, որ երբ մյուս ազգերի առևտրականները սկսեցին անցնել հյուսիսային ճանապարհով, նաբաթացիներն այլևս բավարար միջոցներ չէին կարողանում կուտակել իրենց գոյությունը պաշտպանելու համար, ուստի և որոշեցին հեռանալ Պետրայից:
8. Աքսումական կայսրությունը
Աքսումական կայսրությունը սկիզբ է առել Մ.թ.ա. 1–ին դարում ներկայիս Եթովպիայի տարածքում: Աքսումը մեծ առևտրական կենտրոն էր, որտեղից արտահանվում էին փղոսկրե իրեր, գյուղատնտեսական ապրանքներ և ոսկի: Այս ապրանքները հետագայում վաճառքի էին հանվում Կարմիր Ծովի առևտրական ցանցով, Հռոմեական կայսրությունով և Հնդկաստանով մեկ: Այդ իսկ պատճառով Աքսումը բավականին հարուստ քաղաքակրթություն էր: Այն առաջին աֆրիկյան քաղաքակրթությունն է, որը նախաձեռնեց սեփական ոսկեդրամների արտադրումը, մի բան, որ վաղնջական ժամանակներում խորհրդանշում էր քաղաքակրթության զբաղեցրած բարձր դիրքը: Վաղ շրջանի աքսումցիները երկրպագում էին մի քանի աստվածների, սակայն նրանց հիմնական աստվածը Ասթարն էր: Մ.թ.ա. 324 թ.-ին Էզանա II թագավորը դավանափոխ եղավ և ընդունեց քրիստոնեությունը: Դրանից հետո աքսումցիները դարձան քրիստոնեական ջերմեռանդ քաղաքակրթություն: Ըստ մի առասպելի` Յուդիտ անվամբ հրեա թագուհին պարտության մատնեց Աքսումական կայսրությունը և վառեց կայսրության եկեղեցիներն ու գրականությունը: Ըստ մի այլ տեսության` հարավի կռապաշտ թագուհի Բենի Ալ Համվիյահն է մեղավոր Աքսումական կայսրության փլուզման մեջ: Այլ վարկածներում էլ կայսրության անկումը պայմանավորվում է կլիմայական փոփոխություններով, առևտրական գոտուց մեկուսացած լինելով և սխալ հողագործական մոտեցումներով, ինչի հետևանքով բերքը սակավ է եղել, և բնակչությունը սովի է մատնվել:
7. Մեքենացիների քաղաքակրթություն

Մեքենացիների քաղաքակրթությունը սերում է մինոյան քաղաքակրթությունից: Այն սկիզբ է առել Մ.թ.ա. 1600 թ.-ին Հարավային Հունաստանում: Այս քաղաքակրթության ներկայացուցիչները բնակվում էին կղզիներում և հարավային դաշտավայրում: Նրանք հիմնել և նվաճել են բազմաթիվ քաղաքներ, ինչպիսիք են Աթենքը և Թեբեն: Մի շարք հունական առասպելներ են հյուսվել մեքենացիների մասին: Դրանցից է Ագամենոն արքայի առասպելը, ով առաջնորդում էր հունական զորքերին Տրոյական պատերազմի ժամանակ: Մեքենացիները գերիշխող ռազմածովային ուժ էին և օգտագործում էին իրենց նավատորմային ներուժը այլ ազգերի հետ առևտրական կապերի ստեղծման, ինչպես նաև ռազմական նպատակներով: Մեքենացիների բնօրրանը հարուստ չէր բնական ռեսուրսներով, ուստի նրանք հումք էին ներկրում այլ երկրներից: Ներկրված հումքից նրանք հմտորեն կիրառական արվեստի նմուշներ, զենք և զարդեղեն էին պատրաստում` ձեռք բերելով շնորհալի արհեստավորների հռչակ: Նրանց անհետացման մասին ևս ստույգ տվյալներ չկան: Որոշ տեսություններում նշվում է, որ մեքենացիների քաղաքակրթությունն անհետացել է գեղջկական և իշխող դասակարգերի միջև հակամարտության պատճառով: Այլ տեսություններում էլ մեքենացիների անհետացումը բացատրվում է բնական աղետներով, ինչպիսին է օրինակ երկրաշարժը: Ըստ ամենահայտնի վարկածի`մեքենացիների վրա արշավել է հյուսիսի քաղաքակրթություններից մեկը` հավանաբար դորիացիները, որոնք էլ հաստատվել են մեքենացիների բնօրրանում:
6. Քմերական կայսրություն

Քմերական կայսրությունն առաջացել է ժամանակակից Կամբոջայի տարածքում մ.թ.ա. 9-րդ դարում Չենլայի թագավորությունից: Այն դարձավ Հարավարևելյան Ասիայի ամենահզոր կայսրություններից մեկը: Հայտնի է իբրև քաղաքակրթություն, որը հիմնել է Անգկորը` Կամբոջայի մայրաքաղաքը: Քմերացիները հզոր և հարուստ մշակույթի ներկայացուցիչներ էին: Կայսրությունն ուներ մի քանի պաշտոնական կրոն, մասնավորապես` հինդուիզմը, Մահայանա բուդդայականությունը և Թհերավադա բուդդայականությունը: Այս քաղաքակրթությունը նաև ռազմական մեծ ներուժ ուներ և բազում պատերազմներ է մղել այլ քաղաքակրթությունների դեմ: Քմերական կայսրության փլուզումը կարող է բացատրվել մի քանի հանգամանքներով: Ըստ մի տեսության` սկզբնական շրջանում կայսրությունում իշխող թագավորներին երկրպագում էին իբրև աստծու և վերագրում աստվածային կարողություններ: Երբ ընդունվեց Թհերավադա բուդդայականությունը, քմերացիների մոտ անհետացավ թագավորին իբրև աստված երկրպագելու և նրան անմնացորդ ծառայելու ցանկությունը: Նրանք այլևս նախկինի պես ջանասիրաբար չէին աշխատում, ինչի հետևանքով սննդամթերքի ծավալը նվազեց: Ջայավարման VII-ի տիրապետության օրոք կառուցվեց մի ճանապարհ, որը հեշտացնում էր զորքերի և ապրանքների տեղափոխումը կայսրության ողջ տարածքում: Որոշ գիտնականներ կարծում են, որ այս ճանապարհները հակառակ ազդեցությունն ունեցան, քանզի հեշտացրին զավթիչների մուտքը Անգկոր:
Շարունակելի...



