Panorama.am-ը գրում է.
Վերջին տարիներին Հայաստանում սեռական բնույթի հանցագործությունների կտրուկ աճ է գրանցվել. այս տարվա ութ ամիսների կտրվածքով արդեն իսկ գրանցվել է նման հանցագործությունների 59 դեպք: Նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակով ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Նաիրա Զոհրաբյանը խորհրդարան են ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ քննարկվեց սեպտեմբերի 9-ին:
Նախագծով առաջարկվում է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող հոդվածում լրացում կատարել, որի համաձայն անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը կսկսվի տուժողի տասնութ տարին լրանալու պահից: Այսինքն`անչափահասը սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար բռնություն իրականացնողի հանդեպ պատիժ կարող է պահանջել չափահաս դառնալուց հետո և սեռական բնույթի հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկը պատգամավորներն առաջարկում են սկսել զոհի չափահաս դառնալու պահից:
Պատգամավորները նաև առաջարկում են, որ բռնաբարության և սեռական բնույթի բռնի գործողությունների մասին հոդվածներով նախատեսված հանցակազմերին ավելացնել նաև նույն արարքը «ակնհայտ հղի» կնոջ նկատմամբ կատարելը:
ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը օրինագիծը ներկայացնող պատգամավոր Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում «ակնհայտ հղի կին», ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա այն դեպքն է երբ հղիության մասին կարելի է իմանալ կնոջ արտաքինից:
Նախագծով առաջարկվում է նաև որպես արարքի առանձնապես վտանգավոր նոր տեսակ սահմանել համապատասխան արարքը (բռնաբարություն կամ սեռական բնույթի բռնի գործողություն) կատարելը երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականությունը`այսինքն ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն: Նմանատիպ դեպքերի համար նախագծի երրորդ մասի սանկցիայով նախատեսվում է 3-ից 7 տարի ժամկետով ազատազրկում: Նախագծի հեղինակները առաջարկում են նաև սանկցիայում նախատեսված հիմնական պատժի հետ միասին սահմանել լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը երեք տարի ժամկետով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ