Լեգենդար «Բիթլզ» քառյակի անդամները քիչ թե շատ պահպանել են կայունությունն ընտանեկան կյանքում` հաշվի առնելով մշտական գայթակղությունները, որոնց ենթակա էին լիվերպուլցի տղաները: Միլիոնավոր աղջիկներ սիրահարված էին նրանց և օր ու գիշեր կրկնում էին նրանց անուններն ու թաքուն երազում դառնալ աշխարհահռչակ քառյակի անդամներից որևէ մեկի կինը:

Այսօրվա դրությամբ հայտնի են բիթլների ութ կանայք: Ջորջն ու Ռինգոն երկրորդ ամուսնական դաշինքը կնքեցին խմբի փլուզումից հետո: Բիթլների առաջին կանայք առանձնանում էին բավականաչափ համեստությամբ: Տրամաբանորեն նրանք պետք է դառնային ամենահայտնի կանայք աշխարհում, սակայն այդ փառքը վիճակվեց միայն Յոկո Օնոյին: Հանրահայտ քառյակի մյուս կանանց մասին հայտնի է անհամեմատ քիչ:

Բիթլների առաջին կանայք (բացառությամբ Ռինգո Սթարի կնոջ) սպիտակամաշկ էին ու բացառիկ գեղեցկության տեր: Լիվերպուլցի տղաներն, այնուամենայնիվ, ԶԼՄ-ներով առանձնապես չէին անկեղծանում իրենց անձնական կյանքի մասին: Այդ տարիներին հետաքրքրասեր լրագրողներն ու կպչուն պապարացիները դեռ չէին «դարանակալում» աստղերի շուրջ:
Հնարավոր է` բիթլների անձնակայն կյանքը չէր հրապարակայնացվում նաև այն նկատառումով, որ միգուցե ներկայացվող մանրամասները միանշանակ չընդունվեին բազմահազար խենթորեն սիրահարված երկրպագուհիների կողմից, և դա ինքնին վտանգ ներկայացներ թե՛ խմբի անդամների կանանց, թե՛ «Բիթլզի» հանրահայտության ու կոմերցիոն հաջողության համար: Դա էր պատճառը, որ նախքան մոդել Փաթի Բոյդի հետ ամուսնանալը 1966 թ.-ին Ջորջ Հարիսոնը օրհնանք խնդրեց ոչ թե հորից, այլ խմբի իմպրեսարիո Բրայան Էփսթայնից:
Այդ ժամանակ բարքերն այլ էին, և ամուսնությունները բիթլների համար նշանակում էին նախևառաջ քաղաքակրթության կանոնների պահպանում: 

Ջոն Լենոնը Սինթիա Փաուելին հանդիպեց 1957 թ.-ին Լիվերպուլի արվեստների քոլեջում և ամուսնացավ 1963 թ.-ին` որդու` Ջուլիանի ծնվելուց հետո, բիթլոմանիայի կիզակետում: 1962 թ.-ին լիվերպուլյան ակումբներից մեկում Ռինգո Սթարը հանդիպեց 15-ամյա Մաուրին Քոքսին, ով այն ժամանակ աշխատում էր գեղեցկության սրահում: Երբ 3 տարի անց նրանք ամուսնացան, Մաուրինն արդեն հղի էր: Ավելի ուշ Մաուրինը Ռինգոյին նվիրեց ևս երկու զավակ:

Բիթլների առաջին կանայք չէին ուղեկցում ամուսիններին համերգաշարերի ընթացքում, չէին միջամտում խմբի աշխատանքային գործունեությանը: Սակայն ճշմարտության համար պետք է նշել, որ այս կանայք առանձնապես ներշնչանքի աղբյուր չէին «Բիթլզի» ստեղծագործական թռիչքների համար: 

Բացառություն դարձավ, թերևս, Բոյդը, ում Հարիսոնը նվիրեց «Something» (Ինչ-որ բան) երգը: Երգի ծնունդից ոչ շատ անց Բոյդը «խելքահան արեց» Հարիսոնի մերձավոր ընկերոջը` Էրիկ Քլեփթոնին, ով նրա պատվին գրեց «Layla» երգը:

Ամբողջական նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել