1in.am-ը գրում է.
Սիրիական հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը վտանգավոր են, քանի որ ճգնաժամը կտարածվի ողջ տարածաշրջանում, և դա կհանգեցնի ավելի մեծ թվով զոհերի: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Այս սոսկալի իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից գործողություններ, սակայն ռազմական գործողությունները կամ սպառազինության շարունակվող մատակարարումները վտանգավոր են, քանի որ կարող է բռնկվել տարածաշրջանային հակամարտություն, և հավանաբար կլինեն ավելի շատ զոհեր, ավելի շատ տառապանքներ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը՝ բացելով Ժնևում Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 24-րդ նստաշրջանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում 2011-ի մարտին կառավարական զորքերի ու զինված ապստամբների միջև դիմակայության մեկնարկից ի վեր ավելի քան 100 հազար մարդ է զոհվել:
Պիլեյն ընդգծել է, որ քաղաքացիական պատերազմի դադարեցման միակ հնարավորությունը քաղաքական դաշտում է:
«Պետությունները ՄԱԿ-ի հետ պարտավոր են գտնել հնարավորություն՝ հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու և արյունահեղությունը դադարեցնելու համար»,- ընդգծել է գերագույն հանձնակատարը: