1in.am-ը գրում է.
Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության/Ժողովրդավարական Հաստատությունների և Մարդու Իրավունքների Գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ֆինանսական աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրականացնել «Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի ապրիլից:
Ծրագրի նպատակն է զորակոչիկների շրջանում իրազեկվածության բարձրացումը զորակոչի և զինծառայության ընթացքում իրենց իրավունքների վերաբերյալ:
Ծրագրի առաջին փուլը իրականացվել է հունիս ամսին Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների զորակոչիկների համար:
Այս անգամ դասընթաց-սեմինարներն անցկացվում են վերոհիշյալ քաղաքների նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում:
Ծրագրրի երկորդ փուլի առաջին դասընթացն անցկացվեց 2013 թ. սեպտեմբերի 5-ին Սպիտակ քաղաքում, սեպտեմբերի 6-ին՝ Ստեփանավան, իսկ սեպտեմբերի 7-ին՝ Վանաձոր քաղաքներում:
Դասընթացները վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս դասընթացի մասնակիցներին նախ նեկայացրեց մարդու իրավունքների ընդհանուր դրույթները՝ աստիճանաբար անցում կատարելով դասընթացի հիմնական թեմային՝ զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու դրանց արդյունավետ պաշտպանությանը:
Ինչպես դասընթացի առաջին փուլում, այս անգամ ևս դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված ՀՀ նախազորակոչիկների, զորակոչիկների և զինծառայողների պարտականությունների մասին իրավական տեղեկատվական գրքույկներ, որում մատչելիորեն ներկայացված են վերջիններիս իրավունքներն ու պարտականություննրը` սկսած զինվորական հաշվառումից (կցագրում) մինչև զորացրումը և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների իրավունքները և պարտականությունները:
Դասընթացի ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ հետևյալ թեմաներին.
Նախազորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները զինվորական հաշվառման ընթացքում
Զորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները զորակոչի ընթացքում
Զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները զինծառայության ընթացքում
Տեղեկատվություն սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար:
Դասընթացի մասնակիցներին մանրամասն բացատրվեցին զորակոչը և զինծառայությունը կարգավորող օրենսդրության դրույթները, մասնավորապես՝ այն պարտականություններն ու իրավունքները, որոնք վերապահված են զորակոչիկների կամ զինծառայողների կցագրման, զինծառայությունից ազատման և տարկետման, զինծառայության ընթացքում բողոքարկման, խրախուսանքների, տույժերի և արձակուրդների տրամադրման դեպքում:
Բոլոր երեք քաղաքներում դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան դասընթացի ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Սեպտեմբերի 10-ին նախատեսվում է անցկացնել վերջին՝ թվով չորրորդ, դասընթաց-սեմինարը Ալավերդի քաղաքում, որին կարող են մասնակցել նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք և նրանց ծնողները: