Aravot.am-ը գրում է.
Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը վստահեցնում է՝ անցած ամիս Թաիրովի գիշերային ակումբներից մեկում իր անվանն առնչվող միջադեպի ժամանակ ինքը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Այս մասին գրել է «Առավոտ» թերթը։
Համայնքապետն ասել է, որ գիշերային այդ ակումբում իր մասնակցությամբ ոչ մի վեճ, հայհոյանք չի եղել. «Դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ էլ փորձել, որ խմեմ»:
Անդրադառնալով դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին՝ Դավիթ Մինասյանն ասել է, որ առայժմ այդ վարույթով ունի խուլիգանության մասնակցի կարգավիճակ, բայց. «Ընթացքում, հարցաքննության արդյունքում համապատասխան մարմինը որոշում կկայացանի ու կհրապարակի, այսքանով սահմանափակենք այս խոսակցությունը»:
Aravot.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել է, որ Փարաքարի գործով՝ երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է։ Կոմիտեից հաստատել են, որ մեղադրյալներից մեկը համայնքապետ Դավիթ Մինասյանն է: