Armtimes.com-ը գրում է.

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի՝ (հանրությանը առավել հայտնի «Դոգ» մականվամբ) մյուս քույրը։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտե։ Մեզ հետ զրույցում կառույցից հաստատեցին լուրը՝ նշելով․ 

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում 21․06․2023թ․ ձերբակալվել է Կարինե Յուրիկի Ղուկասյանը։ Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ, և սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։ Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կ․ Ղուկասյանի հետ, օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին»։

Քննչական կոմիտեից հավելեցին, որ Կարինե Ղուկասյանին ձերբակալելուց հետո ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, իսկ ոստիկանության ծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն օգտագործելով հավաքագրելը (բազմաթիվ դրվագներով)։ Կարինե Ղուկասյանի ձերբակալումից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին բավարարվել է, և նա կալանավորվել է։

Ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված այլ հանցավոր արարքներ կատարելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել էր Վարդան Ղուկասյանի մյուս քույրը՝ Լուսինե Ղուկասյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-204–րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։

Քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Ղուկասյանի քրոջը տարբեր մարդկանց մասին անձնական ու ծառայողական տվյալներ փոխանցած ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը՝ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել