Hetq.am-ը գրում է․
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից։
Հիշեցնենք՝ «Բյուրեղ» բնակելի թաղամասը կառուցում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն։ Արսենյանն այժմ սերտ կապեր ունի իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրա որդին՝ Վահագն Արսենյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով 2021թ․ դարձել է Ջերմուկի համայնքապետ։
Ինչպես նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում, նա 2022 թվականի ընթացքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին փոխառության է հանձնել 53 մլն 920 հազար դրամ, որն էլ, կարելի է ասել, բնակարանի ձեռքբերման գործարքի արժեքն է։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից», վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ։ Գումարը հայտարարագրվել է որպես հաշվետու տարում ստացած եկամուտ։
2022 թվականի եկամուտներում Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է նաև 7 միլիոն դրամ՝ ստացված Անա Գեորգիից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար։ Ալեն Սիմոնյանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ, նախորդ տարի ստացել է 14 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։ Եկամուտների բաժնում ԱԺ նախագահը նշել է նաև «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանից ստացված 374 հազար դրամը։ Դա այն գումարն է, որը դատարանը պարտավորեցրել է Մանթաշյանին փոխհատուցել Սիմոնյանին վիրավորելու և զրպարտելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: