Մի օր ամեն ինչ փոխվում է:
Ամռան ավարտին օրերը դեռ ցուրտ չեն, բայց աշունն այնպես է սողոսկում օրվա ամենաթաքուն անկյունները, որ ենթագիտակցորեն հասկանում ես. արդեն աշուն է. ցուրտ է լինելու: Աշուն, որը պետք է նոր կյանքի սկիզբ լինի. ու կարևոր չէ, թե ինչպիսի:
Լինում է ՕՐ, որը չարախնդորեն սպառնում է հետևել ողջ կյանքի ընթացքում և ամեն անգամ հիշեցնել. այս օրն այսպես է եղել: Աշունն աշնան պես էր սկսվել: Տերևաթափը չուշացավ: Անգամ շուտ էր:
Անցնում են օրեր, ամիսներ:
Դանդաղ քայլերով գարունը փոխարինում է ձմռանը, գալիս է ամառ՝ երջանկության, սիրո, հիասթափության ամառ:
Աշունը սկսվում է, էլի բերելով նույն օրը: Սպասում: Սիրտը զգում է նույն հուզմունքը, բայց բթացած զգայարաններն արդեն առաջվա պես չեն ստիպում դողալ: Մի տարին կարողացավ առուն հանել հունից և տանել մեծ օվկիանոս: Օրը ժպտում էր: Օրը գիտեր. դեռ ցավում է: Սկսեցի չխեղդվել:
Թերթելով էջերը՝գիրքն ավելի բարակ չի դառնում: Փակելով գիրքը՝ պատմությունը չի ավարտվում:
Ուղղակի կգա մի աշուն, որի բերած օրերի մեջ ես կփնտրեմ այլ տարբերություններ: Այլ ուրախություն և թախիծ կունենամ: Այլ անուններ կարտաբերեմ: ՕՐԸ կդադարեմ գրել մեծատառերով: Կմոռանամ ամսաթիվը:
Ուղղակի մի օր ամեն ինչ փոխվում է:
Նյութի աղբյուր՝ http://angelanstra.wordpress.com/2013/09/06/%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել