Ինչպես հայտնի է, «Հայաքվե» շարժումը որոշել է Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությամբ հանդես գալ, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող խոսքի եւ քայլերի համար։ Շարժման նախաձեռնողները՝ 66 անձ, նախագիծն անցկացնելու համար ստորագրահավաք են սկսել։ Առաջին փուլում պետք է 50 հազար ստորագրություն հավաքվի, եթե ԱԺ-ն այն մերժի, եւս 300 հազար ստորագրությամբ նախագիծը կարող է դրվել համաժողովրդական հանրաքվեի։

Պարզվում է, սակայն, որ հանրաքվեին նախապատրաստվելը` թույլտվություն ստանալը, այնքան էլ դյուրին գործ չէ, եթե չասենք՝ գրեթե անհաղթահարելի: Նման ենթադրության հիմք են տալիս 2018 թվականի մարտի 23-ին «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված  փոփոխությունները եւ, այսպես կոչված, «վերահսկելի» մեխանիզմներն ու ընթացակարգերը։

Երեկ փորձեցինք ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կարծիքը լսել հանրաքվեի եւ դրա ընթացակարգերի մասին, սակայն նա մերժեց՝ ասելով, որ ընթացակարգերը նախատեսված են օրենքով, եւ իր ցանկացած կարծիք կարող է շահարկումների առիթ դառնալ։ Այսպիսով՝ ինչ ընթացակարգերով պետք է անցնել, որպեսզի հիշյալ նախագիծը դրվի հանրաքվեի։ Արձանագրենք, որ առաջին քայլն արված է․ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու համար պետք է կազմավորվի առնվազն 50 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ, «Հայաքվեն» 66 հոգանոց է։ Խումբը պետք է 50 հազար ստորագրություն հավաքի եւ նախագիծը ներկայացնի խորհրդարան։

ԱԺ-ի մերժումից հետո` 7-օրյա ժամկետում, նախաձեռնող խումբը գրավոր ձեւով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պարտավոր է իրազեկել օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու իր մտադրության մասին։

Ի դեպ, օրենքը պահանջում է, որ նախաձեռնող խումբը գրանցման համար ԿԸՀ ներկայացնի խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային եւ թղթային տարբերակով, եւ նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: 

ԿԸՀ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն: ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից։ Այնուհետեւ եռօրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա, նախաձեռնող խմբի անդամներին տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւի վկայականներ:

Գրանցումից հետո միայն նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ստորագրահավաք սկսել: Երեկ ԿԸՀ նախագահի հետ զրույցից պարզ դարձավ, որ խումբը դեռեւս չի դիմել գրանցման համար։ Ստորագրահավաք կարող են իրականացնել 16 տարին լրացած քաղաքացիները։ Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները: «Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձեւաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային եղանակով:
Տեղում ստորագրելու դեպքում ձեւաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձեւաթերթիկը ստորագրում եւ հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում ձեւաթերթիկը ստորագրվում է էլեկտրոնային նույնականացման եղանակով»:

Հիմա՝ ամենաուշագրավը։
Օրենքը պարտադրում է, որ առկա եղանակով` տեղում, ոչ առցանց ստորագրությունների հավաքում կազմակերպվի․
1) համայնքապետարաններում
2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաեւ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում
3) Երեւան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում
4) մարզպետարաններում:

Իսկ սա արդեն իսկ կարող է խանգարող հանգամանք լինել, քանի որ մարդը գուցե մեծ ցանկություն ունենա միանալ ստորագրահավաքին, բայց ինչ-ինչ պատճառներով խուսափի հատուկ այցելել համայնքապետարան, թաղապետարան կամ վարչական այլ մարմին՝ ստորագրելու, մտածելով, որ իր հետ կարող են տեղական իշխանիկները թարսվել, իսկ անցած տարիներին Նիկոլ Փաշինյանն այնպես է ճնշել ՏԻՄ-երը, որ ամբողջությամբ ստրկացրել է դրանց, եւ գրեթե բոլոր ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներ են։ 

Ավելին՝ օրենքը նախատեսում է նաեւ, որ հանրային ծառայողը պարտադիր ներկա լինի ստորագրահավաքին․ «Ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաեւ իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները՝ նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում»:

Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նաեւ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձեւը սահմանում է ԿԸՀ-ն: Նշենք, որ ստորագրությունների հավաքումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում, իսկ նախագիծն ԱԺ-ի կողմից մերժվելուց հետո` 60 օրվա ընթացքում։
Հավելենք, որ նախագծի վերաբերյալ նաեւ ՍԴ-ն պետք է դիրքորոշում հայտնի, որոշի դրա սահմանադրականությունը։ Հենց այստեղ է իշխանականների հույսը. Նիկոլ Փաշինյանի ձեւավորած եւ նրան ծառայող ԱԺ-ն, ապա ՍԴ-ն, ՔՊ-ականների կարծիքով, գործընթացը կկարողանան վիժեցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել