Epress.am-ը գրում է.
Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ տեսել է իրեն ծեծած քաղաքացիներից երկուսին: Ճանաչելով նրանց՝ Ալեքսանյանը դիմել է իր գործով զբաղվող քննիչին, ով ևս Փակ շուկայի մոտ էր, սակայն քննիչը միջոցներ չի ձեռնարկել երիտասարդների ինքնությունը պարզելու համար և վերջիններիս բացատրություն տալու համար բաժին չի հրավիրել: Այս մասին Արման Ալեքսանյանը պատմել է Epress.am-ի հետ զրույցում:
Ակտիվիստի խոսքով՝ երբ ինքը մատնացույց է արել իրեն ծեծած երիտասարդներին, քննիչը միայն ասել է, որ գուցե «շփոթում է», և ոչինչ չի ձեռնարկել:
Epress.am-ը փորձել է հարցի շուրջ պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն ասել է, որ ծեծի դեպքի քննությունը շարունակվում է և ինքն ավելին ասել չի կարող:
Հիշեցնենք, որ Արման Ալեքսանյանը մասնակցել է ուսման վարձերի բարձրացման դեմ ակցիաներին, «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը: Ակտիվիստը պատմել էր, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հերթական անգամ գնացել էր Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող իր ընկերներին տեսնելու: Տուն վերադարձի ճանապարհին Ալեքսանյանին սկսել են հետևել, սակայն, հասնելով լուսավոր տեղ, մտածել է, որ իրեն այլևս վտանգ չի սպառնում:
«Վեց-յոթ կամեռա կա, մտածեցի, որ արդեն լուսավոր տեղ եմ, խնդիր չի լինի: Բայց երբ հասա ավտոկայանատեղիի մուտքի մոտ, հետևից մեկը խփեց, պտտվեցի տեսա, որ 10-15 հոգի էին, նրանց մեջ նաև այն երկու հոգին, որ ինձ հետևում էին: Նրանցից մի քանիսը մահակներով էին: Նրացից մեկը հարցրեց, երբ արդեն ընկած էի՝ «արա, խի՞ ես գնում քաղաքապետարան»: Դրանից ես ենթադրում եմ, որ դրա հետ է կապված իմ ծեծը: Բացի դա, սա առաջին բռնությունը չէ, որ կիրառվում է ակտիվիստի դեմ»,- պատմել էր ակտիվիստը: