Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ և դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև գլոբալ պրոցեսների։ Այս մասին այսօր խորհրդարանում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ անդրադառնալ նաև մեր տարածաշրջանային իրադրությանը։ Գիտեք, որ 2022 թվականն ընդգծվեց ՀՀ-ի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայով։ Պիտի ասեմ, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված։ Ընդ որում՝ դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, դա կապված է նաև գլոբալ պրոցեսների հետ», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ խոսքն ինչպես ռուս-ուկրաինական հակամարտության մասին է, այնպես էլ Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների։

Անդրադառնալով Մոսկովայում կայացած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով բանակցություններին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք որդեգրել են խաղաղության օրակարգ և խաղաղության ռազմավարություն և անում են հնարավոր ամեն բան այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

«Պետք է տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչնի միջանցքի ապօրինի փակմանը, այս թեման մենք քննարկել ենք նաև ՌԴ մեր գործընկերների հետ։ Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են, պիտի արձանագրեք, որ սա շատ ցավալի իրավիճակ է, և ես նաև հրապարակային հնարավորություն ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է։ Մենք շարունակելու ենք մեր քննարկումներն այդ թվում ռուսաստանցի մեր գործընկերների հետ այս իրադրության կարգավորման ուղղությամբ», - ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ մոսկովյան քննարկումների թեմաների թվում նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր, և հայկական կողմը շեշտել է, որ պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։

«Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է, և մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո։ Այս ընդգծումը մենք արել ենք։ Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացվեն, և, ընդ որում, այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակներում մենք բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում։ Մենք բավականին ճկուն ու կառուցողական դիրքորոշում ունենք և պատրաստ ենք գնալ այդ կոմունիկացիաների բացմանը։ Համոզված եմ՝ երբ դա տեղի ունենա, ևս մի խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Ցավոք, այդ հարցի լուծումը միայն մեզմից չի կախված», - եզրափակեց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել