Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ։
Վկան ինձ վրա թողեց անմիջական ու պարզ մարդու տպավորություն։ Նա անկեղծ հարգանքով արտահայտեց Արմեն Գրիգորյանի հարազատների զգացմունքների նկատմամբ, ցավ արտահայտեց Արմենի մահվան կապակցությամբ, մխիթարություն ցանկացավ դահլիճում նստած հարազատներին։
Երբ դժկամությամբ սկսեց պատասխանել կողմերի ու դատարանի հարցերին, ինձ համար պարզ դարձավ, որ այդ մարդը դարձել է իշխանությունների «մահացու քարոզչության» զոհը։ 22 թվի ապրիլին նրան «հրամցրել են» 21 թվի ապրիլի հարցազրույցը, ընդ որում՝ 40 րոպե տևողությամբ հարցազրույցի միայն 1 րոպեն՝ համատեքստից դուրս կտորը։
Ո՞վ ու ինչու՞ է այդ մարդուն հրամցրել այդ «կիսաճշմարտությունը»։ Պատասխանն ակնհայտ է. իշխանության քարոզչական թիմը, որը նպատակ ուներ և նպատակ ունի թշնամանք հրահրել իր ընդդիմախոսների նկատմամբ։ Որպեսզի մեկին չեզոքացնի, մյուսին լռեցնի, երրորդին բանտարկի, չորրորդին սպանի…
Ու 8-րդ դասարանի կրթությամբ այդ պարզ ու երևի շիտակ գյումրեցի մարդը թերևս այդպես էլ չի հասկացել, որ ակամա դարձել է նիկոլոկանների գեներացրած՝ ուղղորդված թշնամանքի տարածող։ Չի հասկացել, թե ի՛նչ է նկատի ունեցել Արմենը։ Չի հասկացել, որ իր գրած ցուցմունքը դեր է ունեցել Արմենի ողբերգական մահվան մեջ։ Չգիտեմ։
ՀԳ. Գյումրեցի վկան ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի կարողացել Արմենին անձամբ հանդիպել, հարցեր ուղղել ու պատասխաններ ստանալ։ Բա ե՛ս ինչքան եմ ափսոսում դրա համար։ Վստահ եմ՝ 10 րոպեյվա զրույցը ամեն ինչ տեղը կդներ. Արմենը բոլոր հարցերի պատասխաններն ուներ։ Ուղղակի վստահ եմ։ Բայց վստահ եմ նաև, որ Արմենը չէր ասի, թե երկրաշարժի բոթը լսելով՝ ինչպես է ամեն ինչ անմիջապես թողել ու մեկնել Լենինական՝ մարդկանց օգնելու։ Չէր ասի, թե ինչպես էր սուս ու փուս, առանց փիառվելու ու անգամ իր անունը հրապարակելու օգնում գյումրեցի մի քանի կարիքավոր ընտանիքների։ Չէր ասի։ Ճիշտ էլ կաներ։
ՀԳ. Այսօր դահլիճում ազատ տեղեր գրեթե չկային։ Հաջորդ նիստը՝ հունիսի 19-ին ժամը 11:00-ին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid0HNBr9wxex2i789MDufJwTgoNQjkig7tPSNRgSLGJ4Kmj5crYqq6KizzrTQrvA51Al
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել