1lurer.am-ը գրում է.
Վերին Լարսի անցակետով շարունակվում է հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, «Լուրեր»-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե Ռուսաստանն արգելել է հայկական գյուղմթերքի մուտքն իր երկիր: Վահան Հակոբյանը նշել է, որ սահմանային անցակետի ռուսական կողմում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով նվազել է բեռնատարների անցման թողունակությունը։ Հայաստանից այս պահին դուրս է եկել և դեռ Ռուսաստանի սահմանը չի հատել մոտ 1000 բեռնատար:
«Մարտի 13-ից մայիսի 23-ը Լարսի անցակետում ռուսական կողմում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և դրա արդյունքում բեռնատարների համար նախատեսված 11 ուղիներից այդ ժամանակաընթացքում գործելու են միայն 6-ը, դա իր հերթին բավական սահմանափակել է սահմանակետի անցողունակությունը, և երկրորդը՝ մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկացանք, որ ռուսական 4 սկանավորող սարքերից երկուսը խափանվել են: Ռուսական կողմը դեպի Ռուսաստան կարողանում է թողնել 200-250 բեռնատար»,- ասել է Վահան Հակոբյանը։