Armenpress.am-ը գրում է.

Ինդոնեզիայում ուժեղ ստորջրյա երկրաշարժը վնասել է Մենտավայ կղզու հիվանդանոցը և հազարավոր բնակիչների ստիպել բարձրադիր վայրեր փախչել ցունամիի վտանգի պատճառով: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1 մագնիտուդ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:

Նշվում է, որ ինդոնեզական Antara լրատվական գործակալության տվյալներով՝ երկրաշարժի ցնցումներն զգացվել են Արևմտյան Սումատրա և Հյուսիսային Սումատրա նահանգների շրջաններում ու քաղաքներում, իսկ մի քանի վայրերում իշխանությունները կարգադրել են մարդկանց տարհանել բարձրադիր վայրեր։ Երեքշաբթի օրը վաղ առավոտյան մթության մեջ, անձրևի տակ մարդիկ խմբերով փախել են լեռնային վայրեր, իսկ Մենտավայ կղզու հիվանդանոցի որոշ հիվանդներ տեղափոխվել են բակ, քանի որ շենքում ճաքեր են հայտնվել:

Ազգային սեյսմոլոգիական գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարիի խոսքով՝ Արևմտյան Սումատրա նահանգի առանձին մասերի, այդ թվում՝ նահանգի մայրաքաղաք Պադանգի բնակիչները մոտավորապես 30 վայրկյան զգացել են ուժեղ երկրաշարժը։

«Հազարավոր բնակիչներ ստիպված են փախչել ափամերձ շրջաններից՝ վախենալով ցունամիից: Մենտավայ կղզու մի քանի գյուղերից մարդիկ նախընտրել են բարձունքներում մնալ՝ վախենալով հետցնցումներից, թեև ցունամիի մասին նախազգուշացումը հանվել էր», - հայտարարել է նա՝ հավելելով, որ իշխանությունները դեռևս տեղեկություններ են հավաքում վնասների մասին:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Հյուսիսային Սումատրայի ափամերձ Թելուկ Դալամա քաղաքից 170 կմ դեպի հարավ-արևելք, 15 կիլոմետր խորության վրա: Հետցնցումները եղել են 5,8 բալ ուժգնությամբ։ Ցունամիի մասին նախնական զգուշացումից հետո Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը լուսաբացից քիչ առաջ՝ երկրաշարժից շուրջ երկու ժամ անց, չեղարկել է նախազգուշացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել