Պարանոցը կտրելով մորն առերեվույթ կյանքից զրկելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերեւույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը եւ վերջինիս 36-ամյա որդին այցելել են Երեւան քաղաքի Սեւքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոց եւ համար վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը,  որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը։ Ապա, հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքեւ՝ նա փորձել է դիմել փախուստի, սակայն վնասվածքներով հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, եւ վնասազերծվել: Մայրը եւ որդին տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Դատարանի որոշմամբ միջնոդրությունը բավարարվել է եւ մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է կատարված հացնագործության ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել