Գերտերությունների ղեկավարները քննարկում են ու խժռում համեղ ուտեստներ, իսկ Սիրիայում շարունակվում է խաղաղ բնակչության սպանդը: Սիրիական ճգնաժամը հետաքրքրական է ոչ միայն այնտեղ կատարվածով, այլև այն իրողությամբ, որ ամբողջ աշխարհը` սկսած առաջադեմ երկրներից, վերջացրած այսպես ասած ոչ առաջադեմ երկրներով, անտարբերությամբ հետևում են, թե ինչպես ամիսներ շարունակ ոչնչացվում է խաղաղ բնակչությունը, ու այդ զոհերի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նաև այդ երկրների վրա:
Սիրիայում առջացած քաղաքական ճգնաժամը բացահայտեց, որ ավելի սուր քաղաքական ճգնաժամ գոյություն ունի ամբողջ աշխարհում: Գերտերություններն ու տերությունները իրենց շահերից ելնելով ոչ միայն բաժանվել են տարակարծիք ճամբարների, այլև հանգիստ քննարկում են, թե ով է մեղավոր: Մինչ նրանք քննարկում են խնդրի լուծման հարցը` առանց ընդհանուր եզրեր գտնելու, այդ երկրում իրականացվեց դաժան սպանդ, որը նրանք որակեցին որպես քիմիական զենքի կիրառում, ու հիմա բանավիճում են, թե ով է կիրառել, ինչու և ինչպես: Իրականում պետք էր կանխարգելել նախ` նման զենքի հայտնվելը Սիրիայում, ապա` նաև դրա հնարավոր կիրառումը: Սակայն անձնական կամ պետական ամբիցիաներից ելնելով` ոչ ոք չի կարողանում առաջարկել խնդրի խաղաղ կարգավորման լուծում: Իմ կարծիքով, Սիրիայում իրավացի են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, որովհետև նրանք անպատժելիության ծնունդ են, որոնց գործողություններից տուժում է միայն ու միայն հասարակ ժողովուրդը:
Խուսափելու համար հետակա անիմաստ զոհերից` պետք է նախ և առաջ ստեղծել մեկ այլ` համաշխարհային մի կազմակերպություն, որը կունենա միայն ու միայն խաղաղապահական առաքելություն, ու որի առջև պատասխանատվություն կդրվի ցանկացած երկրում կանխել մարդկային զոհերով նման ողբերգական իրադարձությունները: Սիրիայի ճգնաժամից կարող ենք միայն ու միայն հետևություն անել, որ ամեն մի երկրի ժողովուրդ պետք է հետևի իր երկրի բարեկեցիկ ու հզոր զարգացմանը միայն իր ունեցած հնարավորությունների սահմաններում և ամեն դեպքում պետք է կանխել արտաքին ուժերի ցանկացած միջամտություն իր երկրի ներքին կյանքին, այլապես կհայտնվի Սիրիայի օրին: