Ստեփանակերտում և շրջաններում կրկին աշխուժացել են միրգ-բանջարեղենների խանութները։ Կտրոնով վաճռելու նպատակով միրգ-բանջարեղեն բաշխում են այն տնտեսվարողներին, որոնք պետական գրանցումով մինչ օրս գործունեություն են իրականացնում Արցախում:
Ըստ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի ներկայացուցիչ Արեն Ավանեսյանի՝ կոմիտեում եղել են բոլոր տնտեսվարողների ցուցակները՝ որոնց համաձայն էլ իրականացվել է միրգ-բանջարեղենի բաշխումը։ Այնուամենայնիվ վերջին օրերին ավելացել են դժգոհությունները կտրոնով վաճառվող միրգ-բանջարեղենի որակի վերաբերյալ, սոցցանցերում էլ մտահոգությունը հաստատող լուսանկարներ են հրապարակվել:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը.
«Բնակչությանն իրացվել է անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանք, քանզի տնտեսվարող սուբյեկտներն օգտվելով նրանից, որ հաճախ ժամանակի սղության պատճառով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակա ապրանքի որակական հատկանիշներն ամբողջությամբ, նյութապաշտորեն քաղաքացիներին են իրացրել, մեղմ ասած, անպատշաճ որակի ապրանք»:
Պետական մարմնի ներկայացուցիչները հետևում են, որ խանութներին մատակարարվող միրգ-բանջարեղենում քիմիկատների քանակը թույլատրելի չափը չգերազանցի։Ըստ Արեն Ավանեսյանի՝ մթերքում քիմիկատների քանակը չափվում է և նորման գերազանցելու դեպքում դրանք ոչնչացվում են։
Որակից բացի, ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի պատասխանատուները նաև գնային քաղաքականությանն են հետևում, իսկ խախտման դեպքերում տնտեսվարողները պատասխանատվության են ենթարկվում։
«Լոլիկը 800 դրամ, խնձորը 350 դրամ, կարտոֆիլը 300 դրամ, բանանը՝ 850 դրամ է»,- նշել է Ավանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։