ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում մեջբերումներ է արել Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից և կից հրապարակել լուսանկարներ, որոնք արվել են 2020-ին Արցախյան պատերազմից հետո, երբ հայերը ստիպված էին այրել Ադրբեջանին հանձնվող տարածքներում իրենց տները:
«Տեքստում՝ հատվածներ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից, որ գրել է 1921-24 թթ. և նկարագրում է Կարսի անկումը։ Լուսանկարներում՝ 100 տարի անց», - գրել է Աննա Հակոբյանը, որի հրապարակումը ներկայացնում ենք ստորև.
«(...)Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետև այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը(…),— լսեց հրացանների տրաքտրաքոց և թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ։
Ոչ մի ուժ այլևս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին։
Հսկա, տասնյակ և հարյուր հազարավոր գլուխներով հաշվվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու։
Քաղաքի տները մեկը մյուսի ետևից սկսեցին վառվել, և այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները։
Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետև ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը և դեռ հնարավոր էր փախչել։
Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլևս ոչ մի իշխանություն։ Գերագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները։ Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք ևս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում։
Բայց, չնայած դրան, քաղաքը լեփ-լեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...» , ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին:
— Տելեֆոն Սեթոն ևս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի և նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը և իր «չոլուխ-չոճուղը» հավաքած՝ բռնեց կայարանի ճամփան։
(…)Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին և ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան — գնացքը. գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից և ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ։
Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը և, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնել — Հաջի Մանուկոֆ էֆենդին և վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երևում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները («— Է՜. ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար») — որոշել էին իրենք ևս միանալ ընդհանուրին։
(…) Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց։ Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից. երբ շարժվեց գնացքը — տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից։ Թշնամին, ինչպես երևում էր, արդեն մոտեցել էր բերդին։
Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը և Մեռելի Ենոքը, ինչպես և այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած՝ նայում էին բերդին։
Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...» — ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած։
— Բայց նրան, ավա՜ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ, երկու վայրկյան չանցած, ինքը, Քոռ Արութը չկար։ Եվ ոչ միայն ինքը, այլև իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը ։ Եվ ահա թե ինչու։
— Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց․ գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը. այդ վայրկյանին երկրորդ անգամ ետ ցնցվեց գնացքը, խուրջինը պոկվեց: Քոռ Արութի ձեռից ընկնող խուրջինի ետևից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը. Չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։
— «Յ՜ա՜, Հարո՜ւթ...» — վախեցած ու լացակումած կանչեց նրա ետևից Մեռելի Ենոքը.— ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։
— Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի և Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ...
Եվ այսպես՝ Քոռ Արութի ու Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, և թշնամին, ոսոխը, մտավ քաղաք։
Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետև դա վեր է մեր կարողությունից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ և սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից»։