Hetq.am-ը գրում է.
Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ դատարանում մեկ գործ կա։ Տարոն Մարգարյանի ունեցվածի ծագումն ուսումնասիրել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել։ Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցով դատարան է դիմել, որպեսզի նախկին քաղաքապետից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձվի 11 անշարժ գույք։ Այդ թվում՝ առանձնատներ։
«Հետքն» ուսումնասիրել է Ավան վարչական շրջանի միայն մեկ փողոցում գտնվող անշարժ գույքերը, դրանց ձեռք բերման հիմքերը և սեփականատերերին։ Պարզել ենք, որ իրավապահները Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ընդամենը մի մասն են հայտնաբերել։ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցադիմումի մեջ բացակայում է Ավանի Խուդյակովի փողոցում Տարոն Մարգարյանի քույրերին, սանիկին և այլ փոխկապակցված անձանց պատկանող 5 անշարժ գույք։ Ավելին, իրավապահները չեն հայտնաբերել նաև Մարգարյանի սանիկի անունով գրանցված Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի անշարժ գույքերը։
Դատախազության չհայտնաբերած գույքերը
«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի Ավան վարչական շրջանի Մարշալ Խուդյակովի փողոցում գտնվող հասարակական տարածքների սեփականատերերին և պարզել, որ մոտ 100 մետրի վրա գտնվում են գույքեր, որոնք պատկանում են Տարոն Մարգարյանի քույրերին՝ Անի և Հայկանուշ Մարգարյաններին, սանիկին՝ Արա Ճորուխյանին, Տարոն Մարգարյանի վստահելի անձանցից՝ Սերոբ Կարապետյանին։ Գույքերի մի մասը Մարգարյանի ընտանիքի անդամներին է փոխանցել նրա մտերիմ, քաղաքապետի պաշտոնում նրա օգնական Արմեն Բունիաթյանը։ Այդ գույքերից ոչ մեկը դատախազության հայցադիմումում չկա։
Խուդյակովի փողոց 169/1 հասցեի երկհարկանի անշարժ գույքը պատկանում է Անի Անդրանիկի Մարգարյանին՝ Տարոն Մարգարյանի քրոջը։ Գույքի նկատմամբ, որի միայն հողամասը 80 քմ է, Անի Մարգարյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2015 թ.-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Անի Մարգարյանը գույքը գնել է Հովիկ Վարդանյանից, որը նշված գույքի առաջին սեփականատերն է։ Վերջինս համայնքային հողի վրա 14.քմ ապօրինի կառուցապատում է իրականացրել, ապա 2014 թ.-ին օրինականցրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Բացի այդ, կրկին Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևան համայնքից ընդամենը 155 հազար դրամով գնել է ինքնակամ շինության հարևանությամբ գտնվող 34 քմ հողամասը։ Մեկ տարի անց՝ 2015 թ.-ին, նշված երկու գույքերը և սեփականության իրավունքով իրեն պատկանող ևս երկու գույք Հովիկ Վարդանյանը միավորել է, ստացել է միասնական մեկ հասցե՝ Խուդյակովի փողոց 169/1 և վաճառքի պայմանագրով փոխանցել է Անի Մարգարյանին։ Տարոն Մարգարյանի քույրը հասարակական տարածքի մի մասը վարձակալության է տվել «Մոբայլ սենտր» ՍՊԸ-ին, մյուս մասը՝ Կարեն Քալաշյանին։
Խուդյակովի փողոց 220/5 հասցեի հասարակական տարածքը նույնպես պատկանում է Անի Մարգարյանին։ Այս գույքը 66 քմ է (65.99 քմ), որի նկատմամբ Անի Մարգարյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2018 թ.-ին։ Տարոն Մարգարյանի քույրը այն նվեր է ստացել Տարոն Մարգարյանի մտերիմ, Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի օգնական Արմեն Բունիաթյանից։ Մինչ Բունիաթյանին անցնելը, Երևան համայնքի սեփականությունը համարվող հողամասի վրա քաղաքացի Հունան Վատիկյանը ապօրին կառուցապատում է կատարել, ապա Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ 2003 թ.-ին օրինականացրել է 66 քմ հողամասի վրա կատարված ինքնակամ կառույցը, իսկ հողամասը 5 տարի վարձակալությամբ հատկացվել է նույն անձին։ Հետագայում և՛ հողամասը, և՛ վրայի շինությունը դարձել է Արմեն Բունիաթյանի սեփականությունը, ապա փոխանցվել Անի Մարգարյանին։ Նա էլ արդեն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը 2018 թ.-ին վարձակալությամբ տրամադրել է «Օրանժ Արմենի» ՓԲԸ-ին («Յուքոմ» ընկերությանը)։
Խուդյակովի փողոց 212/3 հասցեի հասարակական տարածքը պատկանում է Երևանի ավագանու 2013 թ.-ի ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակում ներկայացված, Ավանի ավագանու նախկին անդամ Սերոբ Կարապետյանին։ Կարապետյանը եղել է նաև Ավանի Դուրյան թաղամասում գտնվող թիվ 177 դպրոցի կառավարման խորհրդի անդամ՝ ներկայացնելով Ավան վարչական շրջանը։ Խուդյակովի փողոց 212/3 հասցեի 71 քմ անշարժ գույքը Սերոբ Կարապետյանը կրկին նվեր է ստացել Արմեն Բունիաթյանից՝ Տարոն Մարգարյանի օգնականից։ Երևանի քաղաքապետի 2004 թ-ի որոշմամբ նշված հասցեի հողամասը 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հատկացվել է Արմեն Բունիաթյանին։ Վարձակալության պայմանագրով սահմանվել է վարձակվճար գույքի կադաստրային արժեքի 1 %-ի չափով՝ տարեկան 3217 դրամ(Պայմանագիր՝ 1, 2)։ Մեկ տարի անց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ հողամասը գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարվել է Արմեն Բունիաթյանին։ Նա էլ արդեն 2018 թ.-ին գույքը նվիրել է Սերոբ Կարապետյանին։ Այսօր Խուդյակովի փողոց 212/3 հասցեի հասարակական տարածքը վարձակալության իրավունքով տրվել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին։
Խուդյակովի փողոց 212/4 հասցեի անշարժ գույքը 2018 թ։-ից պատկանում է Հայկանուշ Մարգարյանին՝ Տարոն Մարգարյանի մյուս քրոջը։ 102 քմ տարածք զբաղեցնող այս գույքը ժամանակին կրկին պատկանել է Տարոն Մարգարյանի օգնական Արմեն Բունիաթյանին։ Բունիաթյանն այս դեպքում ևս գույքը նվիրել է Մարգարյանի քրոջը։
Արմեն Բունիաթյանը 2002 թ.-ին Երևան համայնքից տարեկան ընդամենը 20 հազար դրամով վարձակալել է 80 քմ հողամաս (այդ պահին կադաստրային արժեքի 30%- ով)։ Մինչ այդ՝ 1999 թ.-ին, 20 քմ համայնքային հողամասի վրա Ավանի թաղապետի թույլտվությամբ կրպարկ էր կառուցել, որից հետո ընդլայնել է հողամասը։ Արդեն 2003 թ.-ին Արմեն Բունիաթյանը դիմել է Երևանի քաղաքապետարան, և Երվանդ Զախարյանի որոշմամբ նրան տրվել է 80 քմ հողամասի գնման նախապատվության իրավունք, ապա հողամասը սեփականաշնորհել է կադաստրային արժեքով։ Կադաստրային և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է 80 քմ-ը դառնում 102 քմ։
Ի դեպ, Արմեն Բունիաթյանը Երևանի քաղաքապետի օգնականի պաշտոնը զբաղեցրել է 2010-2018 թվականներին, նրաաշխատավարձը սկզբում 180 հազար դրամ էր, հետագայում դարձել է 230 հազար դրամ, իսկ 2017 թ.-ից՝ 298 հազար դրամ։
Խուդյակովի փողոց 165/2 հասցեի անշարժ գույքի սեփականատերն այժմ Արա Ճորուխյանն է՝ Տարոն Մարգարյանի սանիկը։ Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերջին գրանցումը կատարվել է 2011 թ.-ին՝ Արա Ճորուխյանի անվամբ, դրանից առաջ այն Երևանի սեփականությունն էր։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, նշված հասցեի 52 քմ (51.95 քմ) հողամասն ուղիղ վաճառքով է փոխանցվել Արա Ճորուխյանին, որի համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի 2011 թ.-ի ապրիլի 15-ի 1344-Ա որոշումը։ Ուսումնասիրելով հիշյալ որոշումը, պարզեցինք, որ Արա Ճորուխյանը համայնքային հողի վրա ապօրինի կառուցապատում է իրականացրել այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։ Ուշագրավ է, որ ինքնակամ կառույցն օրինականացնելու և այն Արա Ճորուխյանին ուղղակի վաճառելու որոշման փաթեթում առկա փաստաթղթերից մեկի վրա հատուկ ընդգծված է Տարոն Մարգարյանի սանիկի անուն, ազգանունը (հավանաբար նրա համար, որ փաստաթղթերին առնչվողներն իմանան, թե ում հետ գործ ունեն)։ Ինքնակամ կառույցն օրինականացնելուց հետո այն երկու շաբաթ անց՝ 2011 թ.-ի մայիսի 5-ին վաճառվել է Արա Ճորուխյանին։ Այսօր տարածքը նա վարձակալությամբ տրամադրել է «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին։
Արա Ճորուխյանը 2009-2011 թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, իսկ նրա աշխատավարձն այդ ժամանակ կազմել է ընդամենը 140 հազար դրամ։ 2011-2017 թթ. Ճորուխյանը զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ բաժնի պետի (աշխատավարձը նախ՝ 225 հազար դրամ, հետո՝ 253 հազար դրամ), ապա 2017-2018 թթ.` հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնը (346 հազար դրամ)։
Հենց այդ տարիներին նա հասցրել է դառնալ Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի այլ գույքերի սեփականատեր։ Այդ գույքերի հիմնական մասն Ավան վարչական շրջանում է` Ծարավ Աղբյուր, Բաբաջանյան, Աճառյան, Սաֆարյան փողոցներում, Թումանյան թաղամասում։ 2018 թ.-ից հետո գույքերի մի մասը Տարոն Մարգարյանի սանիկը անխոչընդոտ վաճառել է, մի քանիսը՝ նվեր տվել Տարոն Մարգարյանի հետ փոխկապակցված այլ անձանց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: