
Իրավապահները փաստաբան Լեւոն Գեւորգյանին ձերբակալել են կաշառք տալու կասկածանքով:
NEWS.am-ին Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ պարեկային ծառայողները Հրազդանի կիրճում ստուգելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար 40 հազար դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:
«Ուղեւորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ բերվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»,- նշեցին Ոստիկանությունից:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կաշառք տալը): Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: