Մինչ «նամակիս» բուն նյութին անցնելը կցանկանայի նշել, որ այն, ինչ ստորև կասեմ, բնավ էլ չի նշանակում, որ ես հակակրանք, ատելություն կամ թշնամական վերաբերմունք ունեմ սփյուռքահայության` օտարության մեջ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր, անկախ ամեն ինչից, իրենց ֆինանսական աջակցությամբ մեծ դերակատարություն են ունեցել և այժմ էլ շարունակում են ունենալ մեր երկրի` քիչ թե շատ շենացման գործում:

Պարզապես ես հակված եմ իրերն իրենց անունով կոչել և փաստերին նայել այնպես, ինչպես որ դրանք կան: Կատարածս վերլուծության բուն նպատակն այն է, որ սույնով ցույց տամ ու հակառակն ապացուցեմ այն մարդկանց, ովքեր շարունակ պնդում են, որ մեր երկիրը միջոցներ չունի, և անհնար է մեր պետության ներկա վիճակում բավարարել այն մարդկանց գոնե նվազագույն պահանջմունքները, ովքեր անձնազոհությամբ, առողջությամբ, արյամբ և կյանքի գնով կերտել են մեր անկախությունն ու պետությունը, որտեղ փորձում ենք ապրել ու խաղաղ երկնքի տակ քարից մի կտոր քար քամել ու գոյատևել: Բնավ էլ անհնար չէ ու ընդամենը ցանկության հարց է և ուրիշ ոչինչ:

Նախ կցանականայի մի պատմական ակնարկ կատարել այն մասին, թե առհասարակ ինչպես է ձևավորվել մեր Սփյուռքը և ինչպես է ստացվել, որ մեր հայրենակիցները հայտնվել են տարբեր երկրներում: Կարծում եմ` այդ պատճառները հայտնի ու պարզ են բոլորիս համար. մինչ Ցեղասպանությունը տարբեր երկրների հայահալած քաղաքականությունը, այնուհետև Ցեղասպանությունը, Արցախյան շարժումը, մութ ու ցուրտ տարիներ կոչվածը և այլն:

Այսինքն` այս ամենից պարզ է դառնում, որ նրանք այն մարդիկ են կամ այն մարդկանց սերունդը, ովքեր մեզ, մեր պատմության ու ազգի ամենակարևոր, բախտորոշ, վճռական ու ճակատագրական ժամանակահատվածներում ընտրել են ամենահեշտ տարբերակը ու մնալու, պայքարելու, մաքառելու և բոլոր դժվար պահերին իրենց ազգի կամ պետության կողքին կանգնելու և թեկուզ կյանքի գնով իրենց հողի վրա մեռնելու, բայց հողը, հայրենիքը չթողնել ու փախնելու փոխարեն ընտրել են ուղղակի շատ պարզ մի տարբերակ` «որտեղ հաց, այնտեղ կաց» հայտնի ասույթի սկզբունքով առաջնորդվելով, սեփական կաշին հայրենիքից վեր դասելով` թողել են իրենց երկիրը, տունը ու ամեն ինչ, փախել ու ապաստան են որոնել այնտեղ, որտեղ արևն ավելի պայծառ էր շողում, երկինքը կապույտ էր, ու սեփական կաշվին ավելի քիչ վտանգ էր սպառնում:

Սակայն հենց այդ նույն ժամանակահատվածում, երբ վերոնշյալ մարդիկ պայծառ արև ու կապույտ երկինք էին ման գալիս օտար ափերում, եղան նաև մարդիկ, ովքեր, ունենալով ազգային արժանապատվություն, կամք, արիություն, հասկանալով հարցի լրջությունը, գիտակցելով հայրենիքի ու ազգի գոյության արժեքը և այդ ամենը վեր դասելով իրենց բարեկեցությունից, իրենց կաշվից, առողջությունից, արյունից ու կյանքից` թքած ունենալով օտարի պայծառ ու այդքան գայթակղիչ արևի ու կապույտ երկնքի վրա, մնացին այնտեղ` այն հայրենիքում, որն այդ պահին իրենց օգնության կարիքն ուներ ու շատ ժամանակ «մահամերձ» վիճակում օգնություն էր աղերսում բոլոր զավակներից:

Նրանք, լսելով հայրենիքի աղերսը, հասկանալով մեր սուրբ հողի արժեքը, ընտրեցին բարդ, դժվար ու տառապանքներով լի ճանապարհը` իրենց հողի վրա թեկուզ և մեռնելու, բայց օգնություն աղերսող հայրենիքին մենակ չթողնելու, մեր հայրենիքի սուրբ հողն ու ջուրը` օտար զավթիչներին չթողնելու փառապանծ ճանապարհը ու պահեցին մեր երկիրը մինչև վերջին շունչն ու արյան վերջին կաթիլը, չխնայելով ոչինչ` պահեցին այս հողը, հայրենիքը և կարողացան ստեղծել ու մեզ ժառանգել դարերով երազած ու այնքան բաղձալի, անկախ ու խաղաղ պետություն, որում այսօր ապրում ենք, և որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Այսօր այս մասրդկանցից շատերը, ովքեր ֆիզիկապես ողջ են մնացել ու ապրում են, քայլում են մեր կողքին, և մենք բոլորս էլ տեսնում ենք նրանց ապրելակերպն ու պայմանները: Նրանց մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության ու սոցիալապես թշվառ վիճակում: Նրանցից շատերն անգամ սեփական տանիք չունեն և զրկված են այն նվազագույն պայմաններից, որոնք ուղղակի անհրաժեշտություն են մարդուն ապրելու համար: Մեր պետությունն այսօր նրանց հանդեպ որդեգրել է մի այնպիսի խայտառակ քաղաքականություն, որ անգամ չնչին թոշակ կոչեցյալի համար այդ մարդկանց ստիպում է հոգեբուժարաների և հիվանդանոցների դռներն ընկնել ու որպես հոգեկան հիվանդ գրանցվելու և նմանատիպ շատ ու շատ նվաստացուցիչ քայլերի գնալ (սա ընդամենը մի օրինակ էր):

Երբ խոսք է գնում նրանց բնակարաններ տրամադրելու կամ ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու մասին, մեր իշխանությունները սկսում են լացել, որ պետությունը միջոցներ չունի, և անհնար է միջոցներ հայթայթել: Անգամ այն դեպքում, երբ մարդիկ կանգնած են կյանքի ու մահվան սահմանագծին, պետությունը չի ցանկանում գոնե այդ վիճակում փոխհատուցել նրանց բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարը` այն սահմանափակելով առավելագույնը 1 միլիոն դրամով, ինչը, համեմատած առողջապահության այսօրվա գների հետ, ուղղակի ոչինչ է: Այս ամենի, այդ մարդկանց վիճակի և պետության` նրանց հանդեպ կատարած այլ ստորությունների մասին մեզանից յուրաքանչյուրն էլ քաջ տեղյակ է, և այդ ամենի մեղավորը նաև մենք ենք` մեզանից յուրաքանչյուրս նրանց արած անգնահատելի քայլերը չգնահատելով և մեր հանցավոր անտարբերությամբ: Այս ամենը մեր իշխանությունները, կրկնում եմ նորից, պատճառաբանում էին և այժմ էլ, երբ այդ մարդիկ ճարահատյալ` անգամ հրապարակ են դուրս գալիս, նորից պատճառաբանում են, որ միջոցներ չկան ու հայթայթելն էլ անհնար է, և մենք բոլորս էլ փորձում էինք հասկանալ և ինչ-որ տեղ անգամ արդարացնել նրանց, որ եթե միջոցներ չկան, ի՞նչ կարող են անել նրանք, ու լուռ համակերպվում էինք այդ վիճակի հետ:

Իսկ այդ նույն ժամանակահատվածում մեր տարագիր և պանդուխտ քույրերն ու եղբայրները արդեն երկրագնդի տարբեր արևշատ հատվածներում կարողացել էին գտնել իրենց բաժին պայծառ արևն ու կապույտ երկինքը և վայելում էին այն: Նրանց թվում էին նաև մեր շատ սիրելի սիրիահայերը: Նրանք գնացին ու սկսեցին ապրել Սիրիայում ու դարձան նրա մի մասնիկը: Այդ երկիրն ընդունեց նրանց, պահեց ու կերակրեց, փայփայեց, ու կարճ ասած` այդուհետ Սիրիան դարձավ նրանց հայրենիքը: Բավականին երկար ժամանակ Սիրիայում արևը պայծառ էր շողում, ու երկինքն էլ կապույտ էր, և մեր հայրենակիցներն ապրում էին այդ երկրում, օգտվում էին այդ երկրի բոլոր բարիքներից, ջերմանում էին նրա պայծառ արևի տակ և վայելում էին նրա կապույտ երկինքը:

Այսուհանդերձ, բոլորս էլ գիտենք, որ կյանքում ոչինչ հավերժ չէ, և հավերժ չէր նաև Սիրիայի արևի պայծառությունն ու հավերժությունը: Բոլորիս քաջ հայտնի դեպքերի արդյունքում այդ երկիրը նույնպես հայտնվեց շատ լուրջ մարտահրավերների առաջ, և մեր հայրենակիցները այս անգամ ևս` փոխանակ մնային ու պայքարեին, ինչ-որ բանով օգտակար լինեին իրենց պահած, սնած ու փայփայած, իր պայծառ արևով իրենց ջերմացրած ու կապույտ, խաղաղ երկինք և սեփական ամեն ինչից այդքան վեր դասվող կաշին փրկելու հնարավորություն տված երկրին, նրանք կրկին ընտրեցին փախչելու և կաշին փրկելու տարբերակը, ու այդ ամենի արդյունում ավելի քան 7 հազար սիրիահայեր ապաստան գտան այն հողում, այն երկրում, որի «մահամերձ» աղերսը արհամարհելով` թողել ու փախել էին ոչ վաղ անցյալում: Նրանց` հայրենիք գալով մեր իշխանությունները շատ արագ կարողացան հայթայթել այդքան անհնարին թվացող միջոցները, լուծեցին գրեթե բոլորի բնակարանային հարցերը, սկսեցին կառուցել մի ամբողջ թաղամաս, որը կոչվեց «Նոր Հալեպ»: Կարճ ասած` ապահովեցին այն առավելագույն պայմաններով, որով նրանք կկարողանան աշխատել և արժանապատիվ ապրել:

Եվ հիմա հարց է առաջանում: Բա ասում էիք` չկա գումար, բա ասում էիք` անհնար է հայթայթել, բա այդ ինչպե՞ս եղավ, եթե չկար, եթե անհնար էր հայթայթել: Այս ամենից պարզ է դառնում, որ մեր իշխանությունները ոչ թե միջոցների, այլ ընդամենը ցանկության բացակայության պատճառով չէին բարելավում ազատամարտիկների կենսապայմանները, և եթե փոքր ինչ ցանկություն լիներ, նրանք կունենային և’ տուն, և’ բավարար թոշակ` իրենց երկրում արժանապատիվ ապրելու համար: Եվ տեսեք, թե ինչ, մեղմ ասած, հետաքրքիր պարադոքսի առաջ ենք կանգնում այս ամենը հասկանալով: Այսպես` բանից պարզվում է, որ այսօրվա իշխանությունները անտեսում ու փորձում են նվաստացնել այն մարդկանց, ովքեր իրենց արյամբ ու կյանքով են կերտել մեր պետության այսօրը և գորգերով, խոնարհումով ու ոչ մի ջանք չխնայելով ընդունում են նրանց, ովքեր որ այդ օրհասական պահերին թողել ու փախել էին: Այս ամենը քիչ թե շատ հասկանալի կլինի այն դեպքում, երբ այդ մարդիկ ոչ թե նորից` ստիպված ու սեփական կաշին փրկելու, այլ սրտի և հոգու կանչով եկած լինեին: Այդ ժամանակ ես ինքս էլ ոչ մի միջոց ու ջանք չէի խնայի նրանց որոշ հարցերը շուտափույթ լուծելու համար:

Սակայն անգամ այս դեպքում, հայրենիքի այսպիսի վերաբերմունքից հետո, եթե նորից այստեղ ինչ-որ բան այն չլինի, նրանք կրկին կընտրեն արդեն ավանդույթ դարձած փախչելու ու սեփական կաշին փրկելու տարբերակը: Ես դրանում ոչ մի կասկած չունեմ: Իսկ այժմ եկեք միասին հասկանանք այս ամենի` իշխանությունների վարած այսպիսի քաղաքականության պատճառները, որոնք առանց այն էլ շատ պարզ են ու հասկանալի: Ազատամարտիկները մեր հասարակության այն կայուն ու սկզբունքային հատվածն են, ովքեր ունեն արժանապատվություն և բավականաչափ խիզախություն, որպեսզի կանխեն այս իշխանությունների անօրինականությունները, կազմակերպեն և առաջնորդեն մատաղ սերնդին մեր երկրում ինչ-որ բան փոխելու և արդարադատություն հաստատելու համար: Բնականաբար, այս ամենը չէր կարող «ձեռք տալ» այն իշխանություններին, ովքեր ապրում են երկիրը թալանելու, կողոպտելու, տարբեր անօրինական և անբարոյական մեթոդներով ու միջոցներով գռփելու համար:

Թուրքաադրբեջանական դաստիարակություն ստացած և այդ միջավայրի սկզբունքներով մեծացած ու առաջնորդվող, նրանց հայահալած ու հայակործան քաղաքականությունը ջանասիրաբար շարունակող մեր իսկ թույլտվությամբ, թողտվությամբ և քվեով իշխանությունն իրենց ձեռքն առած զավթիչների միակ նպատակն է կոտրել, ճնշել և ամեն կերպ լռեցնել այդ մարդկանց, որպեսզի ունենան հեշտ կառավարելի և ստրկամիտ հոգեբանությամբ, այդ ամենին համակերպվող, խեղված հասարակություն: Ցավոք, մինչ այժմ այդ ամենը շատ փայլուն կերպով հաջողվում է նրանց: Ավարտելով խոսքս` կցանկանայի նշել, որ այս ամենի մեղավորն, ըստ իս, առաջին հերթին մենք ինքներս ենք և հետո նոր նրանք: Շատ արագ անհրաժեշտ է ուշքի գալ և ազգովի կանգնեցնել այն պտտվող անիվը, որը մեզ տանում է դեպի կործանում:
Հ.Գ. Հասկացեք, ժողովուրդ, հասկացեք, իմ հայրենակիցներ, որ ձեր բախտն ու ճակատագիրը ձեր ձեռքերում է միայն, և ձեզանից է կախված ամեն ինչ` կապրե՞ք, կշենանա՞ք, թե՞ կվերանաք աշխարհից այս առհասարակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել