Պատերազմից անցել է 2,5 տարի, բայց Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում։ Վաղը, մարտի 18-ին զինվորական պանթեոնում կհուղարկավորվի 44-օրյա պատերազմի անմահացած Գոռ Վահրամի Համբարձումյանը։ «ԴՆԹ նույնականացման հետազոտությամբ հաստատվել է, որ Գոռի մասունքներն են։ Հստակ համոզվելու համար երկրորդ անգամ պահանջեցինք հետազոտություն։ Կրկին համընկավ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Գոռի եղբայրը՝ Արսենը։
Գոռը կամավորագրվել էր ու 2020 թ. հոկտեմբերի 4-ին մեկնել Արցախ։ «Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14-ին։ Կնոջ հետ է խոսել, ասել է՝ ամեն ինչ լավ է, նորմալ։ Կինն ասել է՝ Գոռ, չես տեսնում ինչ է կատարվում այդտեղ։ Պատասխանել է՝ ես իմ կամանդիրին ու տղերքին մենակ չեմ թողնի»։ Այնուհետև ոչ մի լուր։ Անհանգիստ օրեր, ամիսներ։ Այնուհետև ԴՆԹ նույնականացման երկու հետազոտություններ, երկու դեպքում էլ հաստատում»: Սակայն Գոռի մայրը չի հավատացել, որ իր որդու մասունքներն են, և թույլ չի տվել հուղարկավորել: «Իր հետ համբերատար սպասեցինք մինչ օրս։ Ոչ մի տեղեկություն չունեցանք այդ ընթացքում, հասկացավ... ։ Համաձայնեց, հուղարկավորել մասունքները, սակայն մայրը մինչև իր կյանքի վերջ կսպասի իր որդուն»:
«Իրենք Ջրականի տարածքում են եղել։ Հրամանատարը հանձնարարություն է ստացել։ Նրան մարդիկ են անհրաժեշտ եղել։ Գոռն ասել է, որ ինքն էլ կգա։ Անցել են առաջին բլուրը։ Նրանց հետևից պետք է օգնական ուժեր գնային, սակայն որևէ մեկը չի գնացել։ Պատրաստվել են երկրորդ սարը բարձրանալ, սակայն սարի հետևից թշնամին հարձակվել է։ Նրանք կռվել են վարձկանների դեմ։ Ընկերը պատմել է, որ Գոռը վիրավորվել է սկզբում մատների շրջանում։ Մոտն անհրաժեշտ ամեն ինչ ունեցել է, վիրակապել է։ Ինչքան կարողացել են, շարունակել են դիմադրությունը։ Օգնություն չստանալով՝ տղերքը զոհվել են, միայն երկու հոգի են վիրավորվել։ Իրենք լավ չեն հիշում՝ ինչ է կատարվել։ Ասում են՝ երբ այդ անձրևը թափվեց, ամեն մեկս մի կողմ ենք փախել կամ էլ «վալնան» է շպրտել մի կողմ»: Որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թ. դեկտեմբերին մարմինները դուրս են բերել այդ տարածքից։ «Նորմալ աշխատանք ուներ, հիփոթեքով տուն էր ձեռք բերել։ Դեռ չէր էլ ավարտել վերանորոգումը։ Որդու մեկ տարեկանի օրը տեղափոխվեցին նոր տուն։ Որոշ ժամանակ հետո գնաց պատերազմ»:
Գոռը զոհվել է հերոսաբար, կռվել է մինչև վերջ, մինչև վերջ իր խոսքի տերն է եղել՝ չի թողել կամանդիրին ու տղերքին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02bWZVsvdL6Q7fiJneMKo331v9ffJkp7jVgGTR6T5Az8oeb63JY89yVoeuPTNKSLWl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել