Կապանի բժշկական կենտրոնը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Բոլոր մուտքերի մոտ այս պահին հերթապահություն են իրականացնում ոստիկանները, որոնք թույլ չեն տալիս տուժածների բարեկամներին բարձրանալ հիվանդանոցի շենք, միայն ծնողներին է թույլատրվում մուտք գործել վիրաբուժական բաժանմունք։

Հիշեցնենք՝ մարտի 10-ին, ժամը 14.21-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

«Ղեկը չկարողացավ շարժի, պնդացավ։

Ավտոբուսը թարս շուռ եկավ ձորը։ Ոտս կոտրվել է»,-պատմում է տուժած 9-ամյա Գեւորգը ու շարունակում․ «Այսօր ուրիշ ավտոբուս էր եւ ուրիշ վարորդ, 20 րոպե էլ ուշացած եկավ»։

12-ամյա Մարկ Չոլակյանցի ոտքն է իր խոսքով՝ «մի քիչ ուռել»։ «Ես ոչինչ, լավ եմ քրոջս մասին եմ մտածում։ Ինքը վատ էր, հլա չէին բերել մեզ հիվանդանոց՝ ասում էր մեջքս չեմ զգում, կպնում էիք մեջքին գոռում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսը։

Հիշում է՝ ավտոբուսը դզդզալով գնաց, կարծես մի կերպ շարժիչը գործի ընկավ։ «Դանդաղ էր գնում, թվաց կխփի դպրոցի շենքին բայց դուրս եկավ ու ընկավ ձորը»,-պատմում է Մարկը՝ միաժամանակ ընկերոջ դեմքից հավաքելով ապակու փշուրները։

12-ամյա Սուրեն Հովակիմյանը վարորդի կողքի նստատեղին էր նստել։ «Փորձեց ղեկը թեքել, չստացվեց, ոնց որ ասում են «բլոկ» ընկավ ու գլորվեց ձորը։ Հիշում եմ՝ ապակիները ընկան վրաս»,-պատմում է Սուրենը։

Այս պահին Կապանի բժշկական հիվանդանոց 24 վիրավոր կա, որից 15-ն աշակերտներ են։ Վիրավորներից մեկը՝դպրոցի ուսուցչուհի 1970 թվականի ծնված Թամարա Դավթյանը հիվանդանոցում մահացավ։ Դպրոցականների առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում։ Մեծհասակներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մնացածինը՝ բավարար։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղեւորների առողջական վիճակի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել