Aravot.am-ը գրում է․
Կարտոֆիլի վաճառքով զբաղվող մարտունեցի Արթուր Հակոբյանը պատրաստվում է նյութական փոխհատուցում պահանջել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից իր երկու պարկ կարտոֆիլը վնասելու համար: Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 3-ին աշխատանքի գնալու ճանապարհին Տիգրանյան հասցեում կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել:
«Վաղը չէ մյուս օրը գալու եմ էլի այդ տեղում կարտոֆիլ վաճառեմ: Շատ վաղուց եմ այդտեղ կարտոֆիլ վաճառում։ Առողջական խնդիրներ ունեի, չէի գալիս։ Երրորդ օրն էր, որ եկել էի, ու այդ միջադեպը եղավ: Ինչ վերաբերում է, թե այդ տարածքի նայողն եմ, ես մարտունեցի եմ, Վարդենիկ գյուղից եմ, թե իմ ապրանքն եմ բերում, թե այլ մարդկանցից եմ առնում, բերում՝ վաճառում: Դրանով ենք յոլա գնում: Իմ հասցեին հնչեցրած արտահայտությունն էլ, թե տզրուկ եմ, տզրուկն ինքն է, որ իմ ապրանքը ոտով տալիս, ջարդում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Հակոբյանը:
Նա պատմեց, որ քննչական մարմնում առերեսվել է պատգամավորի հետ, դեպքի որոշ մանրամասները պատգամավորը դժվարությամբ է հիշել. «Ներողություն ինձնից չի խնդրել, դեռ տարածել է, որ ես պետք է խնդրեմ: Չգիտեմ՝ ինչի համար պետք է խնդրեմ ներողություն, որ իմ ապրանքը փչացրեց, դրա համա՞ր: Երկու մեշոկ կարտոֆիլ է տշել, թափել փողոցում: Այդ ընթացքում, որ ոստիկաններն ինձ տարան, չգիտեմ՝ ինչ է եղել այդ կարտոֆիլը: 100-120 կիլոգրամ կարտոֆիլ էր, 25-30.000 դրամ արժեր: Անպայման պետք է փոխհատուցի իր արածի համար…
Դու ո՞վ ես, գաս առանց որեւէ մի բանի ապրանքս տշես, կնիկդ էլ ավտոյից իջնի, նկարի: Ասենք՝ նկարածդ ո՞ւր է, հանի՝ ցույց տուր, ասես՝ ջնջել եմ: Ինչի՞ ես ջնջել, եթե կնիկդ նկարել էր: Ես երկու անգամ իրեն ասել եմ՝ քո արածը դիշովկություն է, ինքը ինձ իր կնոջ մոտ հայհոյել է: Չգիտեմ՝ սա պատգամավորի արած բա՞ն է: Նորմալ, խելքը գլխին մարդը նման բան կանի՞ ու ասի՝ լավ եմ անում, որ պատգամավոր ես, ուրեմն կարող ես լավ անե՞լ»: