Տիկին Լիդայի հետ զրույցները երբեմն ժամեր են տևում։ Երեկ էլ դուրս գալուց արդեն կեսգիշերն անց էր։ Ասեցի՝ դե արի առաջինն էլ քեզ շնորհավորեմ մարտի 8-ի կապակցությամբ։ Հուզվեց։
Անվերջ պատմելու բան ունի տիկին Լիդան։ Ես էլ իրեն լսելու անհագ ցանկություն։ Իր պատմություններում Դավիթը միշտ կա։
Իր Դավոյի մասին տիկին Լիդան անցյալով չի խոսում։ Իր պատմություններում նա կամ առաջին դասարանցի է, կամ շրջանավարտ, կամ էլ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի ուսանող, ապա՝ սպա։ Սա էլ մոր ու որդու հազվագյուտ նկարներից է։ Այստեղ առաջին դասարան է Դավիթը։
2020-ի սեպտեմբերից հետո մեր հասարակության գույները խամրեցին։ Երբեմնի կենսախինդ կանայք դարձան սգավոր մայրեր, երիտասարդ աղջիկները՝ զոհվածի կին, քույր կամ դուստր։ Այս երկրում, այս աշխարհում հայրենիքի համար որդի, եղբայր ու հայր կորցրած կանայք ու աղջիկները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, լինեն գնահատված, լինեն կարևոր։ Որովհետև իրենցից կարևոր ու հարգանքի արժանի մարդ դուք էլ չեք գտնի։
Ու այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ էլ, ի դեմս տիկին Լիդայի, կցանկանամ առաջնահերթ շնորհավորել հերոսածին մայրերին, հերոսների քույրերին ու դուստրերին։ Որդիաբար գրկում եմ ձեզ, եղբայրաբար համբուրում։ Եղեք միշտ առողջ, եղեք մեր կողքին։ Դուք էս երկիրը, էս հողը, էս Հայրենիքը անմնացորդ սիրելու խորհրդանիշն եք։ Ձեզ լավ նայեք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid041CDBR9jqaBCB53RUCXRSq6fE4RZ2VYRJJHFBwzFPBdb5L1ne7rgoehgaxzBr2uQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել