Panarmenian.net-ը գրում է.
Սիրիայի դեմ ռազմական հարվածը կարող է աղետալի լինել, եթե հրթիռը խոցի Դամասկոսի մոտի ոչ մեծ միջուկային ռեակտորը, որը ռադիոակտիվ ուրան է պարունակում, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: «Եթե միտումնավոր կամ պատահաբար մարտագլխիկը խոցի Դամասկոսի արվարձանում գտնվող փոքր ռեակտորը, որը նեյտրոնների աղբյուր է, հետևանքները կարող են աղետալի լինել»,-ասվում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ:
Այդ դեպքում մերձակա տարածքները կարող են վարակվել հարստացված ուրանով: Բացի այդ, անհնար կլինի ապահովել միջուկային նյութերի հաշվառումն ու պահպանությունը, դրանք կարող են որպես զենք կիրառվել: Ռուսաստանը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին «օպերատիվ արձագանքել ստեղծված իրավիճակին» և ներկայացնել միջազգային գործակալության անդամներին «ռիսկերի վերլուծությունը, որոնք կապված են նախատեսվող ամերիկյան հարվածների հետ Սիրիայում գտնվող օբեյկտներին»:
Անցած շաբաթ պատրաստված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ասվում է, որ Սիրիան հայտնել թե որ ռեակտորում կան «ոչ մեծ քանակությամբ միջուկային նյութեր»: Այդ տեսակի ռեակտորները սովորաբար աշխատում են բարձր հարստացված ուրանով:
«ՄԱԳԱՏԷ-ն տեղյակ է ԱԳՆ հայտարարությանը, սակայն դեռ չի ստացել ՌԴ պաշտոնական հարցումը,-հայտնել է գործակալության ներկայացուցիչը:-Մենք կքննենք այդ հարցերը հարցման դեպքում»:
Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել: