SaquncԱսպարեզը շարունակում է կարծիքներ վերցնել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» մասին օրենքի շուրջ հանրային քննարկում կազմակերպեկելու,  «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հասցեին հնչած սպառնալիքների  հասցեատերերին  պատասխանատվության ենթարկելու համար հայտարարությամբ հանդես եկած ՀԿ-ների ղեկավարներից:

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար.

«Ոստիկանությունը կամ հովանավորում է այն մարդկանց, ովքեր սպառնացել են «Կանանց ռեսուրսային կենտրոնին», կամ իրենք հայտարարություն անելու քաղաքական հրահանգ չեն ստացել: Եթե հիշում եք, Երեւանի Փակ շուկային վերաբերվող  երկու ակցիաների ժամանակ, որոնցից մեկն ուղղված էր փակ շուկայի՝ որպես հուշարձան պահպանությանը, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանին պաշտպանելուն, ոստիկանությունը ցուցաբերեց տարբեր մոտեցումներ: Վերջին դեպքում ավելի շատ աջակցում էր, առաջինի դեպքում ասում, որ ակցիան անօրինական է: Ինչ մնում է «գենդեր» եզրույթին, այն գիտական տերմին է եւ նշանակում է սոցիալական ձեռքբերովի վարք եւ կապ չունի միասեռականության հետ: Իշխանությունը չնախաձեռնեց, սակայն օրենքի հանրային քննարկման անհրաժեշտություն կա»:

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ.

«Ոստիկանությունը  քայլեր չի ձեռնարկել «Կանանց ռեսուրսային կենտրոնի» դեմ հնչած սպառնալիքերի հասցեատերերին հայտնաբերելու համար: Կարծում եմ, որ Հայաստանում ցանկացած օրենք ընդունելուց առաջ անհրաժեշտ է հանրային քննարկում անցկացնել:  ԱԺ-ն  հանրային քննարկումներ քիչ է անում: Երբ որեւէ անձի կամ ՀԿ-ի նկատմամբ ակնհայտ սպառնալիքներ կան, ոստիկանությունն անհապաղ պետք է արձագանքի, այլապես նրանց կարելի է մեղադրել անգործության մեջ: Ինչ մնում է «գենդեր» բառին, այն նշանակում է սեռ: Գենդերային հավասարությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունն է ու չի խոսում միասեռականության մասին: Մենք միջնադարում չենք ապրում, որ ծայրահեղությունների մեջ ընկնենք, մեր ավանդույթները շատ լավն են: Եթե կան ՀԿ-ներ, որոնք օրենքի խատում են թույլ տալիս եւ քարոզում են այն, ինչ մեր օրենքներն ու ավանդույթներն արգելում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Միասեռականության քարոզը, բնականաբար, մեր ազգը չի ընդունում, բայց պետք է կոնկրետ փաստեր լինեն, առայժմ ես դրանք չեմ տեսնում»:

Անահիտ Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել