Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 8 ճանապարհահատվածների, 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, 5 ճանապարհահատվածների վերակառուցման ու 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման աշխատանքները 2023 թվականին ավարտելու նպատակով: Բացի այդ, նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման, 24 ճանապարհահատվածների և 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ու 1 ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի և 15 ճանապարհահատվածների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Գումար կհատկացվի նաև 2022 թ.-ին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված 4 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի շահագործման ընդունման և 5 տոկոսի վճարման համար:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեով «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի համար հաստատված միջոցներից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 17,074,985,2 հազար դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 16,626,554,5 հազար դրամ (որից 173,141.7 հազ. դրամը 5%-ի վճարում), տեխնիկական հսկողության համար՝ 194,427,7 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 162,923.7 հազար դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի համար՝ 79,986.3 հազար դրամ և փորձաքննության համար՝ 11,093.0 հազար դրամ։ Նախատեսված հիմնանորոգվող, վերակառուցվող և կառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 89.6կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 32.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 14.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 42.0կմ: Որոշմամբ նախատեսված նախագծվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 167.9 կմ է:

Խոսքը, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սուրենավան, Երասխ 12.2կմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարանից դեպի Մեղրի 8.24 կմ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Եղեգնուտ, Դեբեդ 8.2կմ, Հերհեր-Կարմրաշեն ավտոճանապարհի 8.7կմ, Երևան-Իջևան ավտոճանապարհից Ակնաղբյուր տանող ավտոճանապարհի 2,85կմ և դեպի Մատուռ տանող 0,246 կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Վարդանաշեն, Երասխահուն 8.5կմ, Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ-/Մ-3/ ավտոճանապարհի Մասիս, Ռանչպար 9.5կմ հատվածների մասին է: Տրանսպորտային օբյեկտների ծրագրերի շրջանակում նախատեսվում է Գետափ բնակավայրի դպրոցի մոտ վերգետնյա հետիոտնային անցման կառուցումը, ավարտական փուլում է գտնվում Արգավանդ-Հայանիստ ավտոճանապարհի կմ4-ի կամրջի շինաշխատանքները: 2023 թվականին նախատեսվում են, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի կմ245-կմ252 հատվածը Որոտան, Գորիս շրջանցող 5կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի, Երևան- Մեղրի ավտոճանապարհից դեպի Տաթև ավտոճանապարհի Շինուհայր, Հալիձոր 19.5կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Աշտարակ 3.7կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Սպիտակից Վանաձոր 11.93կմ հատվածների շինաշխատանքները: Տրանսպորտային օբյեկտներից նախատեսվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող 0.1կմ-ի կամուրջի, Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1.1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Մարգարա-Վանաձոր-Տաշիր կմ105 կամուրջի շինաշխատանքները:

Անդրադառնալով ճանապարհաշինության աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որակի և նոր չափանիշների անհրաժեշտությունը: «Վերջերս առիթ եմ ունեցել անցնել Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով: Կարծես՝ առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել: Նախարարի հետ աշխատանքային քննարկման ընթացքում ասել եմ՝ եթե մեկ տարուց փոսեր չհայտնվեն այդ ճանապարհի վրա, ապա կարող ենք արձանագրել, որ իսկապես բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել: Ենթակառուցվածքները, նշանները ոչ ամբողջությամբ են արված, բայց նույնիսկ այս պայմաններում կարող ենք արձանագրել, որ Հայաստանում երբեք այդպիսի որակի և ստանդարտի ճանապարհ չի եղել, ինչը շատ կարևոր նորություն է: Նաև չափազանց կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհներում էլ կարծես թե ուզում ենք մոտենալ նոր ստանդարտի: Վերջերս առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով անցնել և, իսկապես, բոլոր այս ճանապարհները մեզ համար Հայաստանը նորովի տեսնելու և նորովի հայտնաբերելու մի միջոց են: Նրանք, ովքեր այդ ճանապարհով չեն անցնել՝ խորհուրդ եմ տալիս անպայման լինել, որովհետև իսկապես Հայաստանը նորովի է բացվում բոլորիս առաջ: Հույս ունեմ՝ իրականացվող նախագծերը նոր տեսադաշտ կբացեն մասնավոր ներդրումների, գյուղատնտեսության զարգացման և Հայաստանի քաղաքացիների համար»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով ծրագրերը պատշաճ ժամանակում իրականացնելու կարևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել