22 ժամ 18 րոպե

Այս օրը դեռ չի վերջացել:
Օրը գլուխը խոնարհել է ու շշնջում է.
– Կներես, դեռ ապրում եմ:
Քնքուշ ու սիրող արևն էլ հեռացավ:
- Կներեք,- ասաց քամին, համբուրեց օրվա այտն ու չքվեց:
Ես էլ եմ բղավում… 
«Կներե՜ք…»
Ո՞ւմ, 
Չգիտե՜մ:
Գիտեմ, որ ամեն առավոտ լուսո, համբուրում եմ քո կերպարը,
համբուրում եմ արևի ձեռքով իմ պատուհանների ապակիների վրա գրված
անունդ:
Միգուցե սա ընդամենը երա՞զ է:
Ժամանակի երազ:

23 ժամ 37 րոպե

Առանց ժամանակի կյանք չկա, 
սեր չկա, 
անցյալ չկա, 
ներկա չկա, իսկ ապագան կա, որը հիստերիկ մի ծիծաղ է: 
Իմ ժամանակը խելքը գցել է կամ էլ որոշել է դատավոր դառնալ: 
Հիմա ինքս եմ դարձել իմ ժամանակի զոհը.
Ժամանակն անձայն քայլերով զենքը ձեռքին մոտենում է ինձ:
- Մարդասպա՛ն, դու սպանել ես բոլոր նրանց ժամանակը ում հետ որ շփվել ես:
Ես համբուրում եմ նրան, ինչպես մի ժամանակ, երբ վստահ էի, որ գիտեմ համբուրել:
Նա իր թևքով մաքրում է համբույրս ու ասում.
- Այսօր չորեքշաբթի է:

00 ժամ 01 րոպե (հինգշաբթի)

Չորեքշաբթին իր կոպիտ կրունկով բարձրանում է վրաս ու անցնում, գնում:
Ես կորել եմ տարածության մեջ ու մոռացել դեպի Նա տանող ճանապարհը:
Իսկ ունեցե՞լ եմ Նրան, եղե՞լ է Նա արդյոք:
Միգուցե Նա ընդամենը երազ էր:
Ճանապարհի երազ:

01 ժամ 21 րոպե

Փնտրում եմ նրան երազում:
Գտա մի եղեգ:
Եղեգը ծա՞ռ է, 
բո՞ւյս, 
խո՞տ:
Չգիտեմ, գիտեմ որ թեթև է… 
Զգում եմ, որ թեթև եմ, որովհետև մտածել չեմ կարող:
Թեթև - դատարկ…
Չեմ կարողանում գտնել ճանապարհը, որը չկա:
Հիշողությունս էլ չկա, որ ինձ հուշի:
Աղի հոտ ունեցող երջանկությունը չի կարողանում դուրս գալ մարմնիցս:
Աչքերս ծանր են ու բազմաթիվ:
Բազմաթիվ աչքերս փնտրում են ամենաբարդ ճանապարհը, որը տանում է միայնության:
Ինձ թվում է…
Բոլորին թվում է թե դա դրախտն է:
Կծում եմ սեփական սիրտս ու ցավ չեմ զգում:
Ձեռքով հարվածելով կոտրում եմ ստորության բետոնը, որ նրանով երազանքի ապարանք չկառուցվի:
Երա՜զ է:
Իսկ ապարանք տանող ճանապարհը նույնպե՞ս երազ է:

03 ժամ 42 րոպե

Ճանապարհը այն միակ ուղին է, որն անտեսանելի անցնում է կողքով: 
Չեմ նկատում անցյալը, բայց ապագան էլ չեմ տեսնում:
Շնչառության մեջքին բարձած սիրո ճշմարտությունը հևում է, փորձում է թաքնվել քնած օրերի ունայնության մեջ:
Շտապելուց գլուխը հարվածում է սեղանին:
Հարվածից բացվում է երկրորդ շնչառությունը:
Վազում է անորոշության մեջ փնտրելու խորհուրդ: 
Վստահ եմ, որ խորհուրդն ինձ ավելի է թշնամի քան բացասական պատասխանը: 
Բացասական պատասխանը սպիտա՜կ է, դատա՜րկ
…ընդամենը երա՜զ է:

05 ժամ 58 րոպե

Սպիտակ վարդի զգացողությո՞ւն:
Բայց նա հեռու է ինձնից:
Տեսնում եմ ճանապարհ ցույց տվող սպիտակ ձեռք:
Ուրախ առաջանում եմ մեկ քայլ, որը իմ միակ հաջողությունն է, քանի որ չեմ ընկնում:
Իսկ դու ընկել ես ու չես կարողանում վեր կենալ:
Քո ժամանակը ջրվեժի նման ընկել է իմ վրա:
Միավորումը ուրախություն է:
Ես վայելում եմ կյանքն ու փակում աչքերս:
Գիտեմ, որ առավոտյան չեմ արթնանա, որովհետև…
Ես այսօր չեմ քնի…բայց

06 ժամ 31 րոպե

…Կհամբուրեմ արևի ձեռքով իմ պատուհանների ապակիների վրա գրված
անունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել