Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունում հայտնաբերված մի շարք չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննություն է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ տեղեկացրին, որ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա մի քանի քրեական վարույթ կա նախաձեռնված, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ դեռեւս չկան։ Վարույթները նախաձեռնվել են անցած տարի եւ վերաբերում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, գումարներ վատնելու կամ յուրացնելու եւ փաստաթղթեր կեղծելու առերեւույթ դեպքերին։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ էր արձանագրել առողջապահության ոլորտում, մասնավորապես՝ գնումների գործընթացի, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների հետ կապված։ Օրինակ՝ 2020 թվականի ընթացքում, ըստ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների, բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է 890 հազար դրամի դրամարկղային ծախս՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության  կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման նպատակով, որը, սակայն, հաշվետու ժամանակահատվածում որպես փաստացի ծախս չի հաշվեգրվել: Նախարարության դեբիտորական պարտքը 01.01.2020թ. կազմել է 3,655,982,31 հազար դրամ (ձեւավորվել է նախորդ տարիներից), իսկ 31.12.2020թ. դրությամբ՝ 2,267,635.55 1 հազար դրամ: Հաշվետվության մեջ չեն արտացոլվել 8,380,108.4 հազար դրամ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը։ Բացի այդ, նախարարությունը չի պահպանել կառավարության համապատասխան որոշման պահանջները․ գործուղման ծախսերի հատուցումը կատարել է՝ կիսատ-պռատ ներկայացված, նաեւ անստորագիր, ջնջումներով գործուղման վկայագրերի հիման վրա։

Հակակոռուպցիոն կոմիտեից փորձեցինք ճշտել, թե արդյոք այս վարույթների շրջանակներում Անահիտ Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանը հարցաքննվե՞լ են։ Մեր այս հարցին չպատասխանեցին, սակայն, մեր տեղեկություններով, նրանք դեռեւս չեն էլ հարցաքննվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել