Ազատ գյուղի զորամսում տեղի ունեցած ողբերգությունից մեկ-երկու օր անց հանրության շրջանում ծնունդ են առել կատարվածի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ: Ոմանք պնդում են, որ գործ ունենք իշխանությունների կողմից խնամքով թաքցվող ադրբեջանական դիվերսիայի հետ՝ հաշվի առնելով զորամասի՝ սահմանին մոտ լինելու հանգամանքը, ոմանք՝ համոզված են, որ իշխանություններն ի սկզբանե տեղյակ են եղել տեղի ունենալիք ողբերգության մասին, և սա իրականում Գեղարքունիքում կատարվելիք զիջումների նախերգանքն է միայն, որոշներ էլ, չկիսելով ո՛չ մեկ, ո՛չ մյուս վարկածը, այնուամենայնիվ, հակված չեն հավատալ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական վարկածի ճշմարտությանը:

Ինչի՞ հետևանք կարող է լինել նման անմխիթար պատկերը: Իրականում գործ ունենք հանրային փոխվստահության տոտալ ճգնաժամի հետ, որի անքակտելի մասն էլ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամն է, որ հետևանք է վարվող ապաշնորհ քաղաքականության: Մարդիկ սկզբունքորեն դադարել են հավատալ Նիկոլին ու նրա թիմի անդամներին՝ աչքի առաջ ունենալով թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ հետպատերազմյան այն կատավասիան, որին ականատես ենք դառնում ազգովի ամեն օր: Միայն իշխանությունների նախընտրական խոստումների ու իրական քայլերի միջև ճչացող հակասության փաստը բավարար է, որպեսզի ցանկացած նորմալ մարդ առնվազը կասկածանքով վերաբերվի սրանց ամեն մի ասածին ու արածին:

Սա ցավալի իրողություն է, քանի որ շոշափում է ոչ միայն Նիկոլի քաղաքական շահերը, այլև՝ Հայաստանի իմունտիտետի խնդիրը: Եթե ներսում չունենք փոխհասկացվածություն, եթե ներսը լի է հակասություններով ու ատելությամբ, ինչպե՞ս է հայկական պետությունը պատրաստվում դիմակայել արտաքին գլոբալ մարտահրավերներին, որոնց չհաղթարման դեպքում կարող է աշխարհի քարտեզից ջնջվել Հայաստանի Հանրապետությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել